ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԱՄՆ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոեւայի գնահատմամբ, Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ահաբեկիչները լայնածավալ գործողություններ են շարունակում քրիստոնյաների դեմ՝ թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը:
Այսօր «Հայելի» ակումբում Անահիտ Խոսրոեւան պատմեց, որ գաղթականների հոսքը Մերձավոր Արեւելքից շարունակվում է. «Բազմաթիվ մարդկանց կողոպտում, կանանց բռնաբարում, մշակութային կոթողներն ամբողջությամբ ավերվում են»:
Նրա խոսքով, Եվրոպական պետություններն էլ են արդեն հասկացել, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներին բնաջնջելու քաղաքականություն է ընթանում. «Բազմաթիվ գիտաժողովներ, կոնֆերանսներ են անում, դատապարտում, բայց որեւէ ռեալ քայլ այս ուղղությամբ չի կիրառվում, բացառությամբ անցած տարվա դեկտեմբերին, երբ Ռուսաստանը Սիրիայում գործողությունների անցավ»:
Փորձագետը զարմանում է՝ ինչու ԱՄՆ-ը մինչ այժմ չի ճանաչում քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արեւելքում, հատկապես քրիստոնյա ասորիներն են կոտորվում. «Եզդիների դեմ կատարվածը Մերձավոր Արեւելքում ցեղասպանություն ճանաչեցին, բայց ինչ տարբերություն, որ քրիստոնյաներինը չեն ճանաչվում»:
Անահիտ Խոսրոեւայի խոսքով, Սիրիայի 35 գյուղ ասորաթափվել է, պատանդների թիվը ժամանակին հինգ հարյուրի էր հասել, 130 հոգին դեռ պատանդ են մնացել, որոշ մարդկանց սպանել են: Դեկտեմբերին եւս կային գլխատվածներ. «Ահավոր վիճակ է փախստականների ճամբարում, չկան պայմաններ»:
Հայաստանի Աթուռ Ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովի խոսքով էլ, Մերձավոր Արեւելքում՝ Իրաքում, Սիրիայում իրավիճակը շատ լարված է. «Դատապարտում ենք այն ոճրագործությունները, որոնք տեղի են ունենում, հատկապես ասորական համայնքի նկատմամբ: Տարածաշրջանում շատ խաղացողներ կան, որոնք դրդում են բախումների: Կոչ ենք անում՝ ընդհանուր թշնամու դեմ գործել միասնական»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ