Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 18-ին շարունակվում էր Ռուզաննա Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննությունը:
Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող «Հայկական ժամի» խմբագիր Աննա Գեւորգյանը: Ռուզաննա Խաչատուրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հայտարարեց, թե համարում է, որ առանց պատասխանող կողմի ներկայության կարելի է շարունակել գործով նախնական նիստը, քանի որ ծանուցման համար օրենքով պահանջված բոլոր գործողությունները կատարվել են: Դատական նիստը շարունակվեց:
Կարեն Մեժլումյանը նշեց, որ հարցի առարկան պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն է, ըստ նրա, Ռուզաննա Խաչատրյանին զրպարտել կամ վիրավորել են լրատվամիջոցի 7 հրապարակումները: Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ կողմը հստակ տարանջատել է այդ հոդվածներում զրպարտությունը եւ վիրավորանքը: Կողմը պահանջում է զրպարտության համար բռնագանձել 2 միլիոն դրամ եւ հրապարակել հերքում, իսկ վիրավորանքի համար՝ 1 միլիոն դրամ եւ հրապարակել ներողություն:
Դատավորի ճշտող հարցին, թե փաստորեն կողմը պահանջո՞ւմ է օրենքով սահմանված առավելագույն գումարը, Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Առավելագույնը հարաբերական է, որովհետեւ մի քանի հոդվածներում տարբեր զրպարտություններ են: Եթե ընդամենը 1 զրպարտություն լիներ՝ կդիտվեր առավելագույն, բայց այստեղ 4-5 զրպարտություն կա, լրիվ տարբեր բաների մասին: Այսինքն՝ սա առավելագույն չէ, անգամ, եթե դատարանն առանձին դրվագներով ամեն մի զրպարտության համար ինչ-որ գումարային արտահայտություն սահմանի, սա ամենեւին էլ առավելագույն չէ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ պատասխանողը նպատակաուղղված թիրախավորել է Ռուզաննա Խաչատրյանին. «Ոչ թե 1 հոդված գնաց, որտեղ զրպարտություն կամ վիրավորանք էր, այլ թիրախավորել են, ամեն անգամ հստակ խնդիր ունենալով, ընդհուպ այնպիսի բաներ են գրել, որ մարդու նկատմամբ ատելություն է առաջացնում, միանշանակ, ատելություն առաջացնող խոսքն արգելվում է: Հետեւաբար՝ դրամական փոխհատուցում պետք է լինի, եւ դատարանը հաշվի առնի, երբ միջնորդում էինք, ասում էինք արգելանք կիրառեք, որովհետեւ ինքը շարունակում էր, դատարանը մերժում էր: Տեսնում եք հոդվածները սեպտեմբերին էլ, նոյեմբերին էլ հրապարակվել են, այդ թվում՝ նաեւ հայհոյախառն: Այսինքն՝ իրենք դիտավորությամբ դնում են, ասում են՝ դատավորը արգելանք չի դրել, մենք էլ կդնենք, այսինքն՝ իրենք դիտավորություն ունեն արատավորել Ռուզաննա Խաչատրյանի պատիվը եւ արժանապատվությունը, հետեւաբար՝ պետք է հենց առավելագույն փոխհատուցում սահմանվի, որովհետեւ չարամտորեն են դա անում»:
Դատաքննությունը նշանակվեց 2016 թվականի մարտի 3-ին, եւ կողմերին հնարավորություն տալ մինչեւ դատական նիստը ներկայացնել իրենց ապացույցները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ