Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման մասնակիցները կարևորեցին Ադրբեջանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացված պատժամիջոցների փաթեթը

Հունվար 18,2016 13:45

Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ) երևանյան «Հանրային օրակարգ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ շարունակում է հանրային քննարկումների շարքը ԼՂՀ մայրաքաղաքում։

Հունվարի 15-ին ՍՄԱ գրասենյակում կայացավ  ամսագրի դեկտեմբերի «2015-ի դասերը» խորագրով թեմատիկ համարի թվով 6-րդ հանրային քննարկումը, որին մասնակցեցին պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ու փորձագետներ։

Masis Mayilyan

Որպես անցած տարվա կարևոր իրադարձություն առաջին հերթին քննարկվեցին 2015-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրությունները: Քննարկման մասնակիցների կարծիքները տարբեր էին, բայց այն, որ բուն քվեարկության օրը չկային հայաստանյան ընտրություններին բնորոշ լցոնումներ ու ընտրակեղծիքներ, համաձայն էին բոլորը: Այն, որ այսօրվա ԱԺ-ում ընդդիմադիրների ներկայացվածություն կա, նույնպես դրական արդյունք որակեցին քննարկման բոլոր մասնակիցները:

Ago

Այնուամենայնիվ, մասնակիցներից մեկը նախընտրական ամբողջ գործընթացը որակեց որպես ամենայլանդակներից մեկը՝ համեմատելով այն անցած նախագահական ու նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ: Որովհետև, ըստ նրա, այն ուղեկցվում էր սպառնալիքներով, վախի մթնոլորտի ներարկմամբ ու նույնիսկ ընդդիմադիր կուսակցության աջակցին երկրից արտաքսմամբ:

Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ժամանակն է մեծամասնական համակարգից ամբողջովին հրաժարվել, քանի որ նման գործընթացի համար տնտեսական լուրջ ռեսուրսներ են անհրաժեշտ: Նա նաև խոսեց ընտրությունների ճանապարհով որևէ դրական բանի հասնելու հասարակության անվստահության մասին. «Այնուամենայնիվ, չնայած խախտումներին, կարելի է դեպի ժողովրդավարություն մեկ քայլ առաջ համարել, բացի այդ, դիտորդների գնահատականներն էին դրական, չմոռանանք նաև, որ երիտասարդ պետություն ենք»:

Քննարկման մասնակիցներից մեկը բացասական միտում համարեց ընտրությունների ընթացքում կուսակցությունների անդամների (այլ ոչ թե առաջնորդների) միջև առաջացած ատելությունն ու թշնամությունը:

Մեկ այլ մասնակից խորհրդարանական ընտրությունները դիտարկեց որպես 2017-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախերգանք. «Կարելի ենթադրություններ անել, թե որ ուժը ցանկության դեպքում կարող է հավակնել նախագահի պաշտոնին»:

Քննարկման մասնակիցները մեկ այլ դրական երևույթ մատնանշեցին՝ «Խաղաղություն և զարգացում» կուսակցության մասնակցությունը, որը զբաղվում էր խախտումների բացահայտմամբ, ցուցակների ճշտմամբ, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմամբ:

Իսկ համեմատելով անցած խորհրդարանական ընտրությունների հետ, մասնակիցներից մեկը վերլուծեց, որ 5-րդ գումարման ընտրություններում չկային պայքար ու ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր հայտնվեց 2012-ի նախագահական ընտրությունների ընթացքում:

Masis_MayilyanՔննարկվեց նաև «Անալիտիկոնի» վերջին համարում լույս տեսած Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին» հոդվածը: Այս կապակցությամբ մասնակիցներից մեկը համաձայնեց, որ այս տարի միջնորդների առաքելությունը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ սահմանային լարվածության նվազեցումը, քանի որ չենք խուսափել դրանից:

Առանձնացվեց նաև Սերժ Սարգսյանի «Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է» աննախադեպ հայտարարությունը: «2015-ին նախագահների մակարդակով ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, ի տարբերություն 2014-ի ռեկորդային երեք հանդիպումների: Վերջին հանդիպումը Ալիևը նույնիսկ ձևական է համարել»,- նշեց մասնակիցներից մեկը:

Բայց քննարկման մասնակիցները ավելի շատ կարևորեցին Ադրբեջանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացված պատժամիջոցների փաթեթը: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր տարածաշրջանի երկրների համար հաջող արտաքին քաղաքականությունը կայանում է կոմպլեմենտարիզմի մեջ: Այդպես է լինում, երբ երկրներից մեկը որևէ կոնկրետ ուղղություն է ընտրում, այս պարագայում ԱՄՆ-ի բարկությունը կայանում է Ադրբեջանի դեպի Ռուսաստան բևեռվելու մեջ»:

Հանրային քննարկումների ծրագիրն իրականացվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով։

Ստեփանակերտի մամուլի ակումբ

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031