«Սենց հինգ տարի կդատեք. այ քեզ բա~ն»,- այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող քննության ժամանակ իր վրդովմունքը հայտնեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: «Ի՞նչ անենք, փաստաթղթերը չհրապարակե՞նք: Կիսատ չենք կարող թողնել»,- դատավորի պատասխանից հետո, ամբաստանյալը հանդարտվեց. «Ի՞նչ անենք, ընգել ենք, պտի քաշենք»: Նիստին ներկա չէր տուժողի ներկայացուցիչը`այլ դատական նիստի էր եւ խնդրել էր առանց իրեն շարունակել գործի քննությունը: Առանց նրա, դատարանը լսեց մեկ վկայի ցուցմունք, որը տանն էր եղել, միայն դրսից ձայներ էր լսել, մոտեցել էր պատուհանին, մեկն ասել էր`շտապօգնություն զանգեք: Ուրիշ որեւէ բան վկան ոչ լսել էր, ոչ տեսել: Հետո, դատարանը պետք է շարունակեր փաստաթղթերի հրապարակման փուլը, ինչն առանց տուժողի ներկայացուցչի, հնարավոր չէր: Նիստը հետաձգվեց մինչեւ 2016 թվականի փետրվարի 1-ը, 15. 00-ն:
Հիշեցնենք՝ 2014 թվականի հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր հայտնի քրեական հեղինակություն Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Իսրայել Սարգսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թփով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյան (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո): Իսկ երբ վերջինը կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ներգրավմամբ՝ օրեր շարունակ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ կոյուղում դիակն այդպես էլ չհայտնաբերվեց։ Տվյալ տարածքում ԱԻՎ-ը որոնողական աշխատանքները դադարեցրել է։ Ու չնայած դիակը բացակայությանը՝ այդուհանդերձ, ոստիկանությունը Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու,այլ նաեւ՝ Մոսոյին սպանելու համար։ Մինչդեռ, փաստաբանները հայտարարում են, որ Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ։
Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ