Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ակտիվացել են «կրիպտովիրուսները». ինչպե՞ս պաշտպանվել (Տեսանյութ)

Հունվար 18,2016 12:23

Հայաստանի բնակչության 60 տոկոսը օգտվում է համացանցից` հիմնականում 14 տարեկանից բարձր անձինք: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ զարգացած համարվող երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 90 տոկոսը. «Վերջին մի քանի տարում է մեզ մոտ ցուցանիշը զգալի աճել է, 2005թ.-ին բնակչության 5-6 տոկոսն էր օգտվում համացանցից: Կարծում եմ՝ առաջիկայում թիվն արագ չի աճի, որովհետեւ մարդիկ պետք է հնարավորություն ունենան բաժանորդագրվելու ինտերնետին: Մեր երկրում գները համեմատաբար ցածր են, բայց եթե համեմատես եկամուտների հետ, դա բեռ է մարդու համար: Մեր երկրում առանց ինտերնետ էլ կարող ես գոյատեւել՝ համեմատած այն երկրների հետ, որտեղ համացանցը ենթակառուցվածքներ է մտել»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հայաստանյան օգտատերն ամենաանկիրթներից է. «Համակարգչային գրագիտությունը գրեթե բացակայում է: Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը ստեղծվել է նախորդ տարի աշնանը, երբ ամբողջ աշխարհում նման կառույց գործում է շատ տարիներ: Սա նշանակում է, որ հասարակությունը եւ պետությունը լուրջ չեն վերաբերվում դրան»:

Aravot.am-ը մասնագետին հարցրեց, թե ներկայումս որ վիրուսներն են առավել տարածված եւ ինչպես պաշտպանվել: «Մասնավորապես սոցցանցերում վիրուսներով վարակվածությունը թուլացել է եւ վերջին երկու ամսում «համաճարակային» բնույթ չի կրում: Մարդիկ հասկացել են, որ եթե անհասկանալի նամակ են ստանում՝ պետք չի ամեն ինչի վրա կտտացնել: Փոխարենը, Հայաստանում ակտիվացել են «կրիպտովիրուսները», վարակումների թիվն ավելանում է: Վիրուսն ընկնում է համակարգչի մեջ եւ գաղտնագրում բոլոր ֆայլերը: Այսինքն, դուք ունեք այդ ֆայլերը, բայց չեք կարողանում բացել: Հետագայում հաքերից նամակ եք ստանում, որ պետք է վճարեք գումար՝ ֆայլերը հետ ստանալու համար»:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նման վիրուսակիր ֆայլերը 90 տոկոս դեպքերում ստացվում են էլեկտրոնային փոստով, ուստի պետք չէ բացել անծանոթ հասցեատերերի նամակները, որոնք ուղարկողներն ամեն կերպ «ստիպում» կամ «համոզում» են բացել վիրուսակիր «ZIP» ֆայլը:

Այդ վիրուսները ստացվում են անգամ ընկերների անունից: Հակավիրուսները դեռեւս չեն կարողանում «որսալ» նոր մշակված, կամ ինչպես Մարտիրոսյանն է բնորոշում՝ «տաք-տաք» վիրուսները, ուստի պաշտպանվելու միակ միջոցը անհասկանալի կամ «գայթակղիչ» վիրուսակիր ֆայլը չբացելն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031