Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ապաշխարել նշանակում է փոխել մտածողությունը

Հունվար 18,2016 15:30

Այս առումով մենք շարունակում ենք
հանդես գալ որպես անաստված ռեժիմի զավակներ

1987 թվականին Խորհրդային Միությունում էկրան էր բարձրացել Թենգիզ Աբուլաձեի «Զղջում» ֆիլմը, որը նկարահանվել էր 1984 թվականին եւ այլաբանական լեզվով պատմում էր խորհրդային տոտալիտարիզմի մասին: «Զղջումը» 3 տարի արգելված էր խորհրդային գրաքննության կողմից, ավելին՝ Թբիլիսիի բնակարաններում ՊԱԿ-ը խուզարկություններ էր կատարում՝ բռնագանձելով ֆիլմի «անօրինական» կրկնօրինակները: Բայց սկսվեց «վերակառուցումը», եւ Գորբաչովը որոշ տատանումներից հետո որոշեց թույլատրել ֆիլմի պաշտոնական ցուցադրումը:

Դա չափազանց նշանակալից, որոշ չափով, կարելի է ասել նաեւ, բեկումնային իրադարձություն էր իր մայրամուտն ապրող կայսրության պատմության մեջ: Եվ երբ կարոտախտով տառապողներն ասում են, որ Գորբաչովը «ցեռեու»-ի առաջադրանքով «քանդել է գյոզալական երկիրը», ապա այդ «քանդելու» քայլերից մեկն էլ նման ֆիլմի ցուցադրումն էր: Որովհետեւ այդպիսի կայսրություններն ու ռեժիմները հիմնված են անցյալի նկատմամբ ստեր տարածելու, ինչպես նաեւ զղջման, ապաշխարանքի իսպառ բացակայության վրա: Չի կարող անաստված ռեժիմների ժամանակ ապաշխարանք լինել: Ռեժիմն այսօրվա հետխորհրդային երկրների մի մասում (նաեւ Հայաստանում) այլեւս տոտալիտար չէ, բայց մեր հասարակական մտածողությունը նույնն է, որովհետեւ ապաշխարել նշանակում է փոխել մտածողությունը:

Եթե այսօրվա Ռուսաստանում նման ֆիլմ նկարահանվեր, այն առնվազն դժվար ճակատագիր կունենար, քանի որ որոշակի «շեղումներից» հետո այդ երկիրը վերադարձել է «ի շրջանս յուր», եւ անցյալի նկատմամբ ապաշխարանքն այնտեղ բացարձակապես չի խրախուսվում: Չնայած ուղղափառությունը Ռուսաստանում համարվում է համարյա «պաշտոնական գաղափարախոսություն», դա միայն ձեւ է, որովհետեւ մերժվում է քրիստոնեության միջուկը կազմող ապաշխարանքի գաղափարը: Ճիշտ նույն ձեւով՝ որքան էլ Թուրքիայի ղեկավարներն իրենց իսլամի հետեւորդներ համարեն, եւ որքան էլ նրանց կանայք գլխաշորեր կապեն, միեւնույն է՝ Թուրքիան մնալու է անաստված երկիր, քանի չի ապաշխարել այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ կատարած իր մեղքերի համար:

Եթե պետությունը հայտարարում է, որ իր պատմության մեջ չի եղել որեւէ պահ, որի համար նա պետք է զղջա, դա անաստված պետություն է՝ նույնիսկ այն դեպքում, եթե այդ պետության ողջ բնակչությունն առավոտվանից գիշեր աղոթքների եւ պահքերի մեջ է: Եթե մարդն ասում է, որ ապաշխարելու բան չունի, նա անհավատ մարդ է: Նույնիսկ այն դեպքում, եթե ամեն օր գնում է եկեղեցի՝ աղոթելու, եւ երեխաներին կոնֆետներ է բաժանում: Տեսեք, թե որքան ապաշխարելու բան ուներ Սուրբ Գրիգոր Նարեկացին:
Մենք կարող ենք անկեղծորեն ափսոսալ՝ «վայ, էս ինչ եմ արել», խղճի խայթ զգալ, բայց դա իսկական ապաշխարանք չի լինի, որովհետեւ վերջինս ենթադրում է գիտակցված մոտեցում, համոզվածություն, անձնական պատասխանատվություն, մշտական ուշադրություն Աստծո կողմից մեզ ուղարկվող ազդանշանների հանդեպ: Ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից, ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք մոլախոտն ամբողջությամբ վերացե՞լ է մեր սրտից, թե՞ դա պարզապես ժամանակավոր ափսոսանք է: Շատ պարզ. եթե մենք այլեւս չենք կրկնում այն, ինչ արել ենք, ու սխալ ենք համարում եւ չենք էլ պատրաստվում, մտքներովս չի անցնում դա անել, ուրեմն դա ժամանակավոր ափսոսանք չէր, ուրեմն մենք իսկապես փոխել ենք մեր մտածելակերպը: Ընդ որում, դա ոչ թե «միանվագ», այլ շարունակական գործընթաց է:
Պատահական չէ, որ կրոնական ապաշխարանքի իմաստին մոտ է հունարեն «մետանոյա» հասկացությունը, որ բառացիորեն թարգմանած նշանակում է «մտքի փոփոխություն»: Խոսքը ոչ միայն վարքագծի, այլեւ կյանքի ընկալման, աշխարհընկալման փոփոխության մասին է՝ դրա համար էլ հայերեն կոչվում է «ապ-աշխարանք»: Երբ Հիսուսին մոտեցավ օրինակելի վարք ունեցող, պատվիրանները պահող մի հարուստ երիտասարդ եւ հարցրեց, թե ինչ է պետք հավիտենական կյանքի համար, Տերը նրան պատասխանեց՝ «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես, եւ տո՛ւր աղքատներին» (Մատթեոս 19,21), ինչին երիտասարդը պատրաստ չէր: Բայց եթե մեկը, ենթադրենք, որոշի բառացիորեն հասկանալ այդ առակը, թողնել հարազատներին եւ վանական դառնալ, դա նույնպես կլինի վարքի, ոչ թե մտքի փոփոխություն, ապաշխարելու հետ ոչ մի կապ չի ունենա: Ավելին՝ դա կլինի, իմ կարծիքով, էգոիզմի բարձրագույն դրսեւորում: Առանց սիրելու ապաշխարելը ոչ մի կոպեկ չարժե:

Իսկ ամենազավեշտալին այն է, երբ մարդը պահանջում է, որ դիմացինն ապաշխարի, սոցիալական մի խումբը մյուսից է դա պահանջում, մի ազգը՝ մյուս ազգից: Նման «պահանջներից» աշխարհը չի փոխվում: Աշխարհը փոխվում է ԻՄ գործողություններից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    աշխարհի փոփոխությունը տվյալ պարագայում առաջնային չէ, առաջնայինը քո տեսակի շահերն էն,որ չեք կարողանում առաջ տանել,քանի որ սպասարկում էք այլ շահեր,կամա թե ակամա;

  2. Լավատես says:

    Ապաշխարել նշանակում է հրաժարվել ինչ որ անբնական վնասակար սովորույթից, ասենք ծխելը, խաբելը, կաշառք տալն ու վերցնելը, շատակերությունն ու նման բաները առողջ մարմնի ու հոգու մեջ ու հասարակությունում անբնական ու վնասակար են: Միայն գիտակցել վնասակարարությունն ու ցանկություն ունենալ հրաժարվել ասենք ծխելուց, դա քիչ է, պետք է կամ լիքը կամքի ուժ, կամ էլ եթե կամքի ուժը չի հերիքում՝ լիքը համառություն ունենալ բոլոր անհաջող փորձերից հետո էլի փորձել: Սեփական փորձից կարող եմ ասել, վերջինը՝ համառությունը շատ արդյունավետ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031