Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս խնդիրը կլուծվի միայն մեր Հիտլերի մահից հետո»

Հունվար 18,2016 15:00

Թուրքիայում ապրող երիտասարդները խաղաղություն են ուզում

Արդեն ամիսներ տեւող թուրք-քրդական բախումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հազարներով արտագաղթել: Վերջին օրերին էլ իրավիճակը լարված է Թուրքիայի արեւելյան հատվածում. օրեր առաջ Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, որից երեքը՝ երեխաներ: «Առավոտը» մեզ հարեւան պետությունում կատարվողի մասին խոսել է հենց այնտեղի քաղաքացիների հետ:

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ 24-ամյա Նայիֆ Յիլմազը հիմա ԱՄՆ-ում է, սակայն իր բնակավայրի՝ Ջիզրեի մասին տեղեկատվություն է ստանում ոչ միան լրատվամիջոցներից, այլ նաեւ ընտանիքից, ընկերներից: «Այնտեղ պարետային ժամ էր, էլեկտրականություն չկար, ցուրտ էր: Ընտանիքս լքել է մեր բնակավայրը: Իմ մի քանի ընկերներ այնտեղ են դեռ ապրում, չնայած ես չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր այնտեղ ապրել: Ամեն օր ավելի քան 10 մարդ է մահանում: Յուրաքանչյուրը սպասում է իր հերթին,- ասում է Նայիֆ Յիլմազը՝ նշելով, որ Թուրքիայի քրդաբնակ տարածքներում իրավիճակը ավելի քան լարված է:- Այնտեղ պատերազմ է: Մարդիկ մահանում են, անգամ հինգ ամսական երեխային են սպանում: Մոտ 100 հազար մարդ է արտագաղթել»:
Մեր զրուցակիցը նշում է, որ քրդերն իրականում անվտանգ կառավարում են ցանկանում, բայց կիրառում են սխալ մեթոդ: «Նրանք մերժում են Թուրքիայի կառավարությանը, ինչը մեծ սխալ է: Թուրքական ուժերը շատ-շատ ուժեղ են եւ դաժան: Անկախության համար պայքարողները ոչնչի մասին չեն մտածում: Քաղաքացիներն էլ Թուրքիայի բանակի համար կարեւոր չեն: Այստեղ միայն մի կարեւոր բան կա՝ «քրդերի մահը»»,- ասում է Նայիֆը: Նա նկատում է, որ միջազգային հանրությանն էլ քրդական խնդիրը չի հետաքրքրում՝ ասելով. «Եվրոպայի համար միայն մի խնդիր կա` «փախստականների ճգնաժամը»: ԱՄՆ-ը ամբողջ ընթացքում թվում է, թե բալանսավորված էր, բայց հիմա նա եւս Թուրքիայի կարիքն ունի»:

Անցկացնելով զուգահեռ Թուրքիայի արեւելքում եւ նախորդ շաբաթ Ստամբուլում եղած ահաբեկչությունների միջեւ՝ մեր զրուցակիցն ասում է. «Դրանք տարբեր ահաբեկչություններ են: Դա արել են Թուրքիայի կառավարության եղբայրները՝ ԻՊ-ը»:
Ըստ նրա` այժմ Թուրքիան վտանգավոր է դարձել բոլորի համար. «Ո՞ւմ համար կարող է անվտանգ լինել. ուսանողների՞, ոչ, քրդերի՞, ոչ, գիտությամբ զբաղվողների՞, ոչ, լրագրողների՞, ոչ, գրողների՞, ոչ: Բոլորի համար էլ՝ ոչ: Բայց ոչխարների համար՝ այո: Մենք դառնում ենք Նացիստական Գերմանիա,- ասում է Նայիֆը՝ ավելացնելով:- Այս խնդիրը կլուծվի միայն մեր Հիտլերի մահից հետո: Իսկ եթե խոսքը միայն քրդերի խնդրի մասին է, ապա այստեղ միայն մեկ լուծում կա՝ անկախությունը»:

28-ամյա թրքուհի Դենիս Հիզալն էլ «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ չնայած ինքը ապրում է Թուրքիայի հարավային Մարմարայի շրջանում, որը համեմատաբար փոքր քաղաք է եւ քիչ բնակեցված, ինքն անձամբ հետաքրքրված է երկրի արեւելքում եւ վերջերս Ստամբուլում տեղի ունեցածով: «Մենք նայում ենք հեռուստատեսություն եւ անհանգստանում ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր շուրջը, հատկապես՝ Ստամբուլի դեպքերը, բայց ես չեմ կարող ասել, որ կա մեծ խուճապ: Ես կարծում եմ, որ հեշտ չէ հասնելը մեզ. սա քաղաք է՝ 350 000 բնակչությամբ, եւ մենք բոլորս գիտենք, որ ահաբեկիչներին հետաքրքրում են մեծ քաղաքները:

Մյուս կողմից՝ Թուրքիայում կյանքը շարունակվում է, հատկապես արեւմուտքում»,- ասում է Դենիզը:

Անդրադառնալով Թուրքիայի արեւելքում կատարվողին եւ դրա նկատմամբ թուրքերի վերաբերմունքին՝ նա ասում է. «Ես կարծում եմ, որ մենք չենք կարող իրական տեղեկատվությանը տիրապետել արեւելքում, քանի որ կառավարությունն արգելքներ է կիրառում մեդիայի նկատմամբ: Այդ պատճառով թուրքական մամուլը լռում է: Անգամ այն օրը, երբ պայթյունը տեղի ունեցավ Ստամբուլում, արգելված էր տեղեկատվություն հաղորդել մեդիայով, այդ պատճառով մենք հետեւում ենք դրսի մամուլին: Սակայն ոչ բոլորն են կարողանում հետեւել միջազգային մամուլին՝ լեզվական բարիերի պատճառով: Այսպիսով՝ շատերն անգամ գաղափար չունեն՝ ինչ է տեղի ունենում»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ամենում ամենամեծ մեղավորը Թուրքիայի կառավարությունն է, որովհետեւ թաքցնում է, թե ինչ է տեղի ունենում: «Եթե խոսքը Արեւելքում՝ Դիարբեքիրում, Ջիզրեում կատարվողի մասին է, ապա կառավարությունը եւս մեղավոր է: Այժմ ամեն օր խաղաղ քաղաքացիներ, անգամ երեխաներ են զոհվում, բայց Ստամբուլի դեպքն այլ է. այն նման է Փարիզի ահաբեկչությանը»:

Նա նշում է, որ այսօր Թուրքիայի համար ամենակարեւորը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելն է. «Որովհետեւ մենք նրա հետ կապված ենք տարբեր ճանապարհներով՝ առեւտրային, տուրիստական… եւ նաեւ՝ Սիրիայի խնդրով»:
Այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ Դենիզը տեսնում է. «Թուրքիայի կառավարությունը եւ նախագահը նույն կերպ են գործում, որը կապ չունի բանակցության հետ: Առաջին բանը, որ պետք է անեն, բանակցելն է՝ Քրդական կուսակցության օգնությամբ: Բայց նրանք նախընտրում են արձագանքել ռազմամոլ մասին ու կուսակցությանը, ինչը ամեն ինչ բարդացնում է… դժվար է դա անելը, բայց դա կարող է լինել»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031