Նոր 2016 թ. սկզբում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում անդրադառնալ 2015 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության ոլորտում տեղի ունեցած որոշ իրադարձությունների: Թեև դեռևս չեն հրապարակվել միջազգային մի շարք հետազոտական կենտրոնների 2015 թ. աշխարհում ժողովրդավարության մակարդակի ուսումնասիրության տվյալները, կարելի է կանխատեսել, որ անցած տարվա ցուցանիշները 2014-ից ցածր են լինելու, քանի որ Հայաստանն այս ոլորտում հետադիմել է:
Նախքան նմանօրինակ եզրակացության պատճառներին անդրադառնալը, նշենք, որ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը այնպիսի միջազգային կազմակերպությունների հետազոտություններում, ինչպիսին, օրինակ, «Ֆրիդոմ Հաուսն» է, բաղկացած է մի քանի ենթացուցանիշից, ինչպես օրինակ «Ազգային ժողովրդավարության կառավարում», «Ընտրական գործընթաց», «Քաղաքացիական հասարակություն», «Լրատվամիջոցների անկախություն» և այլն: Այս ենթացուցանիշների համախառն արդյունքն էլ տալիս է վերջնական գնահատականը, որը նշվում է 1-7 սանդղակով, ընդ որում 7-ը բացասական ցուցանիշն է:
Անցած տաս տարիների ընթացքում ՀՀ քաղ. հասարակության ցուցանիշը միշտ զգալիորեն ավելի դրական է, քան մյուս բոլոր ոլորտներինը: Այսպես օրինակ 2009-2014 թթ. այն եղել է 3.75 միավոր, մինչդեռ մնացած բոլոր ենթացուցանիշները 2 բալով ավելի բացասական են (5.50-ից բարձր): Ընդհանուր առմամբ ենթացուցանիշները 7-ն են, ինչը նշանակում է, որ դրանցից մեկի ավելի դրական լինելը զգալիորեն ազդում է ընդհանուր միավորի վրա: Բնականաբար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ աշխատանքի համար ՀՀ կառավարության կողմից շնորհակալության փոխարեն 2015 թ. արժացել է միայն ճնշման և բռնության: Այս մասին է վկայում այն, որ անցած տարվա ընթացքում 11 անգամ ավելի շատ քաղաքացի է բերման ենթարկվել խաղաղ ցույցերից, քան 2014-ին: 2014-ի 52 հոգու փոխարեն 2015-ին այս թիվը եղել է 380-ից ավել: Բացի այդ, ինչպես հայտնի է, 2015-ի հունիսին ջրանետի ու բիրտ ուժի կիրառմամբ Երևանում խաղաղ ցույց է ցրվել: Բնականաբար, նմանօրինակ ճնշումները քաղաքացիական հասարակության դեմ հստակ ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը շեղվել է ժողովրդավարության կառուցման ուղղուց և գնալով ավելի ու ավելի է նմանվում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ավտորիտար ռեժիմներին:
Անցած տարվա ընթացքում ժողովրդավարության ոլորտում բացասական փոփոխությունների մասին են վկայում նաև 2015 թ. ապրիլին Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության դեպքերը, երբ իրավապահների կողմից որպես ձերբակալվածների մոտ առգրավված զենքեր էին ներկայացվում անգամ գրենական պիտույքները: Ընդդիմության դեմ նմանօրինակ քաղաքականությունը վկայում է «Ազգային ժողովրդավարական կառավարման» ենթացուցանիշի անկման մասին, քանի որ ընդդիմության ներկայացուցիչների դեմ հալածանքները կազմում են այս ենթացուցանիշի հիմնական բաղկացուցիչ տարրերից մեկը:
Անկասկած է, որ «Ընտրական գործընթացներ» ցուցանիշը ևս խիստ բացասական աճ կգրանցի, քանի որ 2015 թ. Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը արձանագրեց աննախադեպ ընտրախախտումներ: Այս քվեարկությունը միանշանակ անցած 7 տարիներին ամենաշատ խախտումներ գրանցած ընտրական գործընթացն էր, որն ընթանում էր «ԵՏՄ ստանդարտներին» համապատասխան: Անգամ միջազգային դիտորդները, որոնք սովորաբար շատ զգույշ են ընտրախախտումների մասին բարձրաձայնելիս, այս անգամ բացահայտորեն քննադատում էին քվեարկության գործընթացը՝ նշելով, որ եղել են ընտրակաշառքների, ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր, տարբեր խախտումներ ընտրատեղամասերում և անգամ բռնություններ դիտորդների նկատմամբ:
Ավելին՝ տարին բարեհաջող չէր նաև ժողովրդավարության այլ ոլորտների համար: Այսպես, օրինակ, կարելի է ակնկալել նաև «Լրատվամիջոցների անկախության» ցուցանիշի անկում, քանի որ 2015 թ. նշանավորվեց հունիսին «Էլեկտրիկ Երևան» ցույցերի ընթացքում լրագրողների դեմ բռնի ուժի կիրառմամբ, տեսախցիկների բռնագրավմամբ և ձերբակալություններով:
Ի՞նչով է պայմանավորված նմանօրինակ հետընթացը: Այս հարցին պատասխանելն այնքան էլ հեշտ չէ, սակայն մի բան պարզ է՝ 2015 թվականին ՀՀ ժողովրդավարական հետընթացը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ-երկրների ոճով էր: Եթե մինչ այս անդամակցությունը ՀՀ կառավարությունը գոնե փորձում էր առերես ժողովրդավարական համակարգ ձևանալ, ապա այժմ դրա կարիքը, կարծես թե, էլ չկա: Նախանցած՝ 2014 թ. Հայաստանը սոցիալիստական ճամբարի 29 երկրների ցանկում 21րդ տեղում էր իր ժողովրդավարությամբ՝ առաջ լինելով միայն այնպիսի ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ադրբեջանը և այլն: Այժմ, կարծես թե, ՀՀ կառավարությունը որոշել է ջնջել Հայաստանի ու ավտորիտար երկրների միջև եղած տարբերությունները:
Բնականաբար, մոտիվացիայի այսօրինակ փոփոխությունները պայմանավորված են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձով: Եթե 2010-ից 2013 թվականներին Հայաստանը վարում եմ պրո-Եվրոպական ուղղություն ու ձգտում էր բարելավել ժողովրդավարության մակարդակը, ապա այժմ 2014-ից մենք սկսեցինք ինտեգրվել ԵԱՏՄ, ուր, ժողովրդավարությունը, մեղմ ասած, տեղին չի:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»