Լրահոս
Օրվա լրահոսը

Civil voice. Երվանդ Զախարյանը հովանավորու՞մ է Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին

Հունվար 18,2016 11:43

Հանքարդյունահանող ընկերությունների ակնհայտ վայրի գործունեությանը կարելի է ականատես լինել գրեթե ամենուր, ինչը հաճախ արդյունք է նաև պետական լիազոր մարմինների անգործության կամ ակնհայտ հովանավորչության:

«Civil Voice» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ և դրա իրավահաջորդ հանդիսացող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ՝ «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի պղնձի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շրջապատող տարածքի» հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության իրավունք տվող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը՝ թիվ 25 հատուկ լիցենզիան և թիվ 233 լիցենզային պայմանագրերը, լիազոր մարմնի կողմից, ընկերությանը համապատասխանաբար տրվել են՝ 13.04.2007թ. և 04.05.2007թ.: Նշված փաստաթղթերում ամրագրված է, որ ուսումնասիրության ժամկետը լրանում է 15.04.2010թ.:

Սակայն 16.06.2010 թ.-ին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով, խախտելով օրենքի պահանջները (հանքային իրավունքի ավարտից երկու ամիս հետո), ընկերության թիվ 25 և թիվ 233 փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ՝ ևս երկու տարով երկարաձգելով հանքային իրավունքը: 01.01.2012թ-ից ուժի մեջ մտած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նախկինում տրված լիցենզիաները մինչև դրանց վերաձևակերպումը պահպանում են իրենց ուժը և կարող են վերաձևակերպվել՝ պահպանելով նախկինում տրված լիցենզիաների գործողության ժամկետները:

Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի վերը նշված նորմը և ցուցադրելով աճպարարության չգերազանցված որակ՝ 2012 թ. հուլիսի 13-ին վերաձևակերպելով 2012 թ. ապրիլի 15-ի դրությամբ արդեն իսկ դադարած հանքային իրավունքը, «վերակենդանացրել» է արդեն մոտ 3 ամիս գոյություն չունեցող ընդերքօգտագործման իրավունքը՝ միաժամանակ թույլտվության գործողության ժամկետ սահմանելով հետին ամսաթիվ՝ 2012 թ. ապրիլի 15-ը: Դրան հաջորդել է նախարարի մյուս ապօրինությունը՝ 2012 թ. օգոստոսի 23-ի նախարարի հրամանով հանձնարարվել է երկու տարով երկարաձգել ուսումնասիրության «վերակենդանացված» թույլտվությունը՝ կատարելով փոփոխություններ 2012 թ. ապրիլի 15-ին արդեն իսկ գործողությունը դադարած պայմանագրի ժամկետ սահմանելով 2014 թ. ապրիլի 15-ը:

Ավելին՝ նախարար Զախարյանը 2014 թ. սեպտեմբերի 23-ի հրամանով համապատասխան փոփոխություններ է կատարել ընդերքօգտագործման թույլտվությունում և պայմանագրում դրանց ժամկետների լրանալուց մոտ 5 ամիս հետո՝ վերջնաժամկետ սահմանելով 2016 թ. ապրիլի 15-ը:

Նկատենք, որ թույլտվության գործողության ժամկետների վերջին երկարաձգումը, ըստ էության, արդեն երրորդ երկարաձգումն է, որն ևս գործող ՀՀ ընդերքի օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ այն կարող էր երկարաձգվել առնվազն երկու անգամ: Վերը նշված փաստերն ապացուցում են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների բոլոր երկարացումները և հանքային իրավունքի վերաձևակերպումը ընդերքօգտագործման իրավունքի՝ կատարվել են օրենքի և սահմանված ժամկետների կոպիտ խախտումներով:

Civil voice ՀԿ կոչ է անում հակակոռուպցիոն մարմիններին քննության առնել վերը նշված փաստերը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Civil Voice ՀԿ հասարակայնության և կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի ես քաջ ծանոթ եմ: Աշխատել եմ այնտեղ որպես հանքի վարիչ իսկ հետագայում, այնպես պատահեց, որպես բնապանության նախարարության փորձագետ
    ստուգումներ եմ իրականացրել մշակվող ծննդավայրում ընդերքօգտագործման պահանջների կատարման վերաբերյալ:Սոսկալի վիճակ և իրադրությանը համապատասխանող ակտ…Բայց ոչ մի հետևանք: Նախարարությունը ինքն է մերժել ակտը եվ նոր ստուգումներ կազմակերպել “ճկուն” փորձագետներով:
    Դուք ել լավ գիտեք որ ոչինչ չի փոխվի:
    Տեխ. գիտ. թեկն., լեռն.ճարտարագետ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031