Լրահոս
Օրվա լրահոսը

Պահակին աշխատանքից մի ազատեք

Հունվար 18,2016 14:30

Կառավարությունում սպասվող օպտիմալացումների շուրջ

Ըստ տարածված լուրերի՝ ՀՀ կառավարությունը մտադիր է պետական ապարատում աշխատող մարդկանց թվաքանակը կրճատել. 2016-ը ոչ միայն ծանր տնտեսական, այլ նաեւ լարված տարի է լինելու: Ամեն դեպքում, վատ նախաձեռնություն չէ: Մամուլում հրապարակումներ կան, որ պետական մի շարք տեսչություններում մարդիկ վախվորած են, քանի որ կրճատման ցուցակներ են կազմվել: Որ Հայաստանում պետական ապարատը շատ է ուռճացված՝ անհերքելի է: Որ կրճատումները առնվազն չեն խանգարի՝ անհերքելի է: Բայց որպեսզի թացն ու չորը իրար չխառնվեն, առաջարկենք կրճատման որոշ ուղղություններ: Խոսքը Հայաստանի Հանրապետության ստեղծած տարատեսակ հիմնադրամների մասին է, որ պետության փողերը բաժանելուց բացի՝ այլ բան չեն անում:

Իսկ պետության փողերը բաժանելու համար կան նախարարություններ՝ իրենց ոչ պակաս ուռճացած աշխատակազմերով:

Եվ այսպես. «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ»: Հիմնադրվել է 2005 թվականին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության որեւէ վարչություն կարող է փոխարինել սրան: «Մշակութային զարգացման բարեգործական հիմնադրամ»: Հիմնադրվել է 2006 թվականին: Մշակույթի նախարարության որեւէ վարչություն կարող է փոխարինել սրան: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»: Էկոնոմիկայի նախարարության որեւէ օղակ կարող է փոխարինել սրան: Սփյուռքի ներուժը միավորելու նպատակով, այն ի նպաստ Հայաստանի օգտագործելու համար 1992 թվականին ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: 2008-ին ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, գրեթե մեկ տարի անց՝ 2009-ին, ստեղծվեց «Համահայկական բանկը»: Եթե «Հայաստան» հիմնադրամի եւ սփյուռքի նախարարության գործունեությանը հանրությունը գոնե տեղյակ է, թող նաեւ քննադատությամբ կամ բացասական մոտեցումներ ունի, ապա «Համահայկական բանկի» գործունեության մասին տեղեկությունները, մեղմ ասած, բավական համեստ են: Համենայնդեպս, մինչ օրս հայտնի չէ համահայկական խոշոր ծրագիր, որն իրականացրել է այս կառույցը` ի նպաստ Հայաստանի: Եթե այդ հիմնարկի միայն պահպանման ծախսերը նպատակային օգտագործվեն` օգուտը շատ կլինի: Ի դեպ, բնավ էլ էական չէ՝ այդ կառույցը պետբյուջեի՞ց է «սնվում», թե՞ տարբեր դրամաշնորհային ծրագրերից: Ի վերջո, այդ դրամաշնորհային գումարներն էլ բյուջեի խողովակով են մտնում մեր երկիր:

Դեռ էլի հիմնադրամներ, ազգային կենտրոններ, ծրագրերի իրականացման գրասենյակներ եւ նման վեհ անուններով կառույցներ կան, որոնց աշխատանքը հանգիստ կարող են անել պետական գերատեսչությունները: Նախադեպը կա. 2014 թվականին միավորվեցին Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամները, լուծարվեց Զարգացման հայկական գործակալությունը, եւ ստեղծվեց տարածքային զարգացման հիմնադրամ: Այս հիմնադրամներից շատերը պետական գերատեսչությունների շենքերում են, լույս, ջուր գազ են սպառում պետության հաշվին: Գումարած աշխատակազմի պահպանման ծախսերը: Այս հիմնադրամներում շատ են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունված ՉԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, որոնց կարելի է կրճատել: Մնում է կառավարությունում հայտնի անեկդոտի նման չանեն:
Մի քաղաքում կամուրջ են կառուցում: Կամուրջը ռազմավարական նշանակության կառույց է, եւ այն հսկելու համար պահակ են վարձում: Հետո՝ հաշվապահ, որ պահակի աշխատավարձը հաշվի, հետո՝ գանձապահ, որ պահակի աշխատավարձը տա, հետո՝ տնօրեն, որ ամենը համակարգի: Հետո երկրի իշխանությունը ահազանգում է՝ ձեր աշխատակազմը ուռճացված է: Արդյունքում, պահակին աշխատանքից ազատում են: Պահակներին թողեք, մյուսներին ազատեք: Սրանց կրճատումից բյուջեն ֆինանսապես կշահի, պետական ապարատի հավաքական ինտելեկտը չի նվազի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031