Աշխարհում հայկական ազդեցության բարձրացման լավագույն հնարավորությունը համահայկական պառլամենտի հիմնադրումն է: Այս համոզմանն է փաստաբան Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ հայ ժողովրդի համար կլինեն ազգային ծրագրեր, որոնք դուրս կգան պետության սահմաններից եւ կիրականացվեն նաեւ պետական քաղաքականությունից անկախ: Հետեւաբար անհրաժեշտ է ուրվագծել ազգային կառավարման համակարգ, որը կապահովի համազգային ծրագրերի մշակումը եւ իրականացումը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ հայ ժողովրդի միասնական կառավարումը կազմակերպելու, նրա միասնական շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վաղուց հասունացել է համահայկական պառլամենտ ունենալու գաղափարը. «Ազգային կառավարման նշված ինստիտուտը կհանդիսանա համայն հայության կոնսոլիդացման միջոց եւ ցանցային կառավարման լավագույն տարբերակ»:
Տ. Սարգսյանը գտնում է, որ ազգային միասնական կառավարման համակարգի ներդրման առաջին փուլը կհանդիսանա Համահայկական պառլամենտը, սակայն կառավարման համակարգը ենթադրում է անընդհատ զարգացում:
«Կարող ենք կանխատեսել, որ մի օր գործադիրին հատուկ լիազորությունները Համահայկական պառլամենտը կզիջի ազգային կառավարման այլ ինստիտուտի` ազգային կառավարությանը: Որպես համահայկական պառլամենտի առաջնային եւ մեկնարկային խնդիր` կարելի է առանձնացնել Համահայկական սահմանադրության մշակումն ու ընդունումը:
Համահայկական պառլամենտի հիմնադրման նախաձեռնության իրավունքն այսօր պատկանում է ցանկացած հայի, աշխարհի ցանկացած հայկական համայնքի, եւ, իհարկե, այս հարցում մեծ պարտավորվածություն եւ անգնահատելի դեր ունի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համահայկական ամենազանգվածային կազմակերպություն: Անկախ այն հանգամանքից, թե համահայկական պառլամենտի հիմնադրման նախաձեռնությամբ աշխարհի հայկական համայնքներից որ մեկն առաջինը հանդես կգա, Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայանա որպես այս գաղափարի իրականացման երաշխավոր»,- կարծում է փաստաբանը:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2016