Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը «սպիտակ ցուցակում է», ՃՈ-ի պետ Արմեն Հակոբյանը՝ «սեւ»

Հունվար 18,2016 13:30

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամփոփումը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` 2015թ.-ի առաջին կիսամյակի սեւ ցուցակում` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողնելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը. նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իր աշխատակցի միջոցով ԻԱԿ-ից ճշտեց անպատասխան մնացած հարցումների (բովանդակության, ուղարկելու ամսաթվի) մասին անհրաժեշտ տեղեկությունները եւ արդյունքում տրամադրեց հարցումների պատասխանները: ԻԱԿ-ը 2015թ.-ի ընթացքում տեղեկություն ստանալու եւս երկու հարցում ուղարկեց նախարարությանը: Երկու հարցումներն էլ պատշաճ (հիմնավոր հղումով պատասխան եւ ժամանակին լիարժեք պատասխան) պատասխան են ստացել: Ուստի, հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարելավել է տեղեկատվության ազատության ոլորտում իր աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի «Սպիտակ ցուցակում»:
Տարվա «Սեւ ցուցակում» հայտնվել են այն մարդիկ, որոնք խախտել են այլ մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Այն գլխավորում է «Համալսարանականներ» համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյանը: 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է «Համալսարանականներ» համատիրությանը՝ խնդրելով համատիրության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Համատիրությունը թերի պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցմամբ խնդրված տեղեկությունները չտրամադրելը համատիրությունը կապել է վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի վերակազմավորման հետ, սակայն բացակայել են նաեւ այն հարցերի պատասխանները, որոնք կախված չեն նշված գործընթացից: 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Համալսարանականներ» համատիրությանը՝ խնդրելով համատիրության բյուջեի վերաբերյալ տեղեկություններ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել:

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյանը երկրորդ տեղում է: ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: ԲՈՀ-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրել էր պատասխան գրություն, որը, սակայն, չէր համապատասխանում օրենքի պահանջներին:
ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Հանձնաժողովը պատասխան գրությամբ անհիմն մերժել էր տրամադրել պահանջված տեղեկությունները: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժմամբ հաշվի չէր առնվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը:

3-րդ հորիզոնականում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյանն է: 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012, 2013 եւ 2014թթ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը:

Ճանապարհային ոստիկանության պետ պարոն Արմեն Հակոբյանը նույնպես «սեւ» է: 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թթ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին:
«Սեւերի» մեջ էին նաեւ Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյանն ու «Ծարավ աղբյուր» համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյանը:

Ցուցակը թերի կլիներ առանց Սյունիքի մարզի: Այս անգամ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյանն է: ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031