Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեխական օրագիր

Հունվար 18,2016 13:00

Չեխիայի մայրաքաղաք Պրահան ոչ միայն աշխարհի գեղեցկագույն քաղաքներից է, այլեւ Եվրոպայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը: Այս քաղաք տարեկան 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելում: Պատահական չէ, որ գեղեցկության համար Պրահան անվանել են «Զլատա Պրագա»:

Պրահայի խորհրդանիշների ու այցեքարտերի թվում են՝ 1357թ. կառուցված Կարլի Կամուրջը, Հին քաղաքի հրապարակը, Պրահայի ամրոցը, Սուրբ Վիտուսի տաճարը, Աստղագիտական ժամացույցը, Վացլավի հրապարակը, Պարող շենքը, Կարմիր տանիքներով շենքները, Բարոկկո, ՌոկոկոևԳոթական ոճերի ճարտարապետությունն ուղղակի աչք են շոյում: Ինչ վերաբերում է Կարլի կամրջին, այն պետք է տեսնել օրվա տարբեր ժամերի, երեկոյան այն ավելի գեղեցիկ է՝ ողողված լույսերով: Այստեղ միշտ կարելի է հանդիպել հուշանվերներ վաճառողների, փողոցային երաժշտախմբերի ու դերասանների:

Chexia_6 Chexia_5 Chexia_4

Բարեբախտաբար, Պրահայի պատմական հատվածը չի ավերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Քաղաքի պատմական հատվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է: Պրահան ոտքով զբոսնելու քաղաք է, ամեն փողոց յուրատեսակ հմայք ունի, մարդիկ ջերմ են, անչափ պատրաստակամ զբոսաշրջիկներին ինչ-որ հարցում օգնելու առումով: Ընդ որում, երիտասարդ սերունդը հաղորդակցվում է անգլերեն, միջին եւ ավագ սերունդը՝ ռուսերեն:
Պրահայի լավագույն անկյուններից է Ֆրանց Կաֆկայի թանգարանը, որտեղ լուսանկարների, նամակների, աշխատությունների հրատարակությունների լուսաձայնային եւ այլ միջոցներով ներկայացված են գրողի կյանքն ու գործունեությունը: Ինձ զարմացրեց հատկապես ճապոնացի զբոսաշրջիկների մեծաթիվությունը այս թանգարանում: Իսկ թանգարանի բակում կանաչ գույնով ներկված, միզող տղամարդկանց երկու արձան է տեղադրված, նրանց կողքին շատերն էին լուսանկարվում, ես նույնպես: Կաֆկայի անվան սկզբնատառ հսկա K-ն եւս լուսանկարվելու վայր էր ոմանց համար: Թանգարանում տպավորիչ էր նյութերի մատուցման ձեւը, որոշ փաստաթղթերի ու նյութերի կարելի էր ծանոթանալ ուղղակի բացելով համապատասխան գզրոցը:

Պրահայի հրեական թաղամասը՝ գեղեցիկ սինագոգներով եւս արժե տեսնել: Հպարտությամբ նշենք, որ Պրահայի կենտրոնում է գտնվում հայկական Սուրբ հոգի եկեղեցին, նաեւ հայկական խաչքար ունենք:

Chexia_2 Chexia_1 Chexia_7

Պրահան ոչ միայն տեսարժան վայրերի, ջերմ մարդկանց, գեղեցիկ հուշանվերների ու չեխական ապակու, այլեւ գեղեցիկ սրճարանների ու գողտրիկ ռեստորանների քաղաք է, ուր կարելի է համտեսել ամենահամեղ չեխական ուտեստները:

Արդեն հինգ տարի է՝ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանը դեսպանություն ունի, եւ այս երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Տիգրան Սեյրանյանը: Պրահայի հայերը հարգարժան քաղաքացիներ են`արվեստագետներ, բժիշկներ, իրավաբաններ, ոսկերիչներ, մարզիկներ, ձեռնարկատերեր:

Պրահան վերադառնալու քաղաք է, այն մեկ անգամ տեսնելով չես «հագենա»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պրահա-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի:

 

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031