Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները երեկվանից ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում
«Առավոտը» զրուցել է տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:
-Մրցաշրջան 2015-ի ավարտից հետո մեր առաջատար մարզիկներն այս ընթացքում ինչո՞վ էին զբաղված:
– Յուրաքանչյուրը մարզվում էր իր անձնական մարզչի ղեկավարությամբ: Իհարկե, հավաքականների մարզիչների առաջարկած ծրագրով: Այն իր մեջ ներառում է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության՝ ֆեդերացիայում հաստատված ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ՀԱՕԿ եւ հաստատվել:
– Հաճախ տղամարդիկ եւ կանայք հավաքներն անցկացնում էին առանձին, ասենք՝ Ծաղկաձորում եւ Աբովյանում: Օլիմպիական տարվա առաջին հավաքում այդ սկզբունքը պահպանվելո՞ւ է:
– Ոչ: Այս տարի երկու հավաքականներն էլ միասին մեկնում են նախ Ծաղկաձոր, որտեղ կմնան 15 օր, հետո մոտ 12 օրով՝ Աբովյան: Այդ հավաքները նվիրված են լինելու մարզիկների վերականգնմանն ու ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը: Այնուհետեւ փետրվարի 14-ին կտրվի Հայաստանի առաջնության մեկնարկը: Դրան անմիջապես կհաջորդեն նոր հավաքներ՝ կրկին Ծաղկաձորում եւ Աբովյանում: Հետո հավաքները կշարունակվեն Կազանում, որոնք արդեն կլինեն մրցակցային, քանի որ այդ ընթացքում արդեն նախապատրաստությունն ընթանալու է կոնկրետ մարտի 8-ից 16-ը Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:
– Ինչի՞ կրկին Կազանում:
– Որովհետեւ Կազանի բնակլիմայական պայմանները մոտ են Նորվեգիային: Բացի դա, աշխարհի առաջնությանը եւս այնտեղ էինք նախապատրաստվում, ու փորձը ցույց տվեց, որ Կազանը բոլոր առումներով լավագույն տարբերակն է մեր մարզիկների համար:
– Հայաստանի առաջնությանը բոլո՞րն են մասնակցելու, թե՞ առաջատարներից ոմանք կազատվեն:
– Մարզչական խորհուրդը եւ ես խնդիր ենք դրել, որպեսզի բոլորը մասնակցեն՝ անկախ ունեցած տիտղոսներից ու արդյունքներից: Հայաստանի առաջնությունը մեզ համար ուղեցույց է՝ իմանալու, թե ով է մեզ պիտանի, ով քաշային ինչ խնդիր ունի, ում հետ ինչպես պետք է աշխատել եւ մենք որ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք: Սա օլիմպիական տարի է ու, փառք Աստծո, անվանիների կողքին ունենք նաեւ նրանց մրցակից շնորհալի երիտասարդներ: Ես ուզում եմ, որպեսզի հավաքականի համար լինի ճիշտ ու ազնիվ մրցակցություն: Որպեսզի անվանիները չմտածեն, թե իրենք են որ կան, իսկ երիտասարդները իրենց կարողությունները կարողանան լիովին ցուցադրել: Ուզում եմ ասել նաեւ, որ մասնակցությունը խիստ անհրաժեշտ եմ համարում, քանի որ ծանրամարտը միայն օլիմպիական խաղերով չի ավարտվելու: Ռիոյին հաջորդելու են նաեւ պատասխանատու պաշտոնական այլ առաջնություններ, որոնց պետք է կարողանանք արժանիորեն մասնակցել:
– Ծաղկաձորյան հավաքին ովքե՞ր են հրավիրվել:
– Բոլոր նրանք, ովքեր կարող են հավաքականում տեղ ունենալ: Խոսքը թե տղամարդկանց, թե կանանց մասին է: Ընդ որում, կլինեն նաեւ մի քանի երիտասարդներ՝ որպես ազգային հավաքականների պահեստային ծանրորդներ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2016