Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնություն եւ Զարուհի Փոստանջյան

Հունվար 18,2016 12:00

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է: Շատերը նույնիսկ այն կարծիքին են, որ այսօր Հայաստանում ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունի: Եթե գոյություն ունի էլ՝ զուտ ձեւական: Ինչպես ասում են՝ անունը կա, ամանում չկա: Շատերը հավասարապես ե՛ւ իշխանությունից են դժգոհ, ե՛ւ ընդդիմությունից, բայց դժգոհներն ու շարունակաբար իշխանափոխություն պահանջողները երբեւէ ընդդիմափոխություն չեն պահանջում, չնայած եթե պահանջեին, միանգամայն բնական եւ տրամաբանական կլիներ, որովհետեւ արդեն ավելի քան պարզ է, որ եղած ու գոյություն ունեցող ընդդիմությունը ոչ միայն ի վիճակի չէ առաջնորդել ժողովրդի դժգոհ ու բողոքավոր հատվածին, այլեւ ի վիճակի էլ չէ իշխանության համար լուրջ սպառնալիք հանդիսանալ:

Այդուհանդերձ, ինչքան էլ թույլ ու անշառ, ընդդիմությունն անհրաժեշտություն է: Ընդ որում՝ առաջին հերթին հենց իշխանության համար է անհրաժեշտություն, մանավանդ՝ մեր ընդդիմության պես ընդդիմությունը, որն առանձնապես անհանգստություն չի պատճառում Հայաստանի իշխանություններին՝ չհաշված Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական անակնկալ պոռթկումները, ինչպես նաեւ սեֆիլյանականների փողոցային սակավամարդ «մարտերը»:

Բայց միամիտ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ընդդիմությունը ներկա վիճակից հուսահատվելու եւ անձնատուր է լինելու: Ընդհակառակը՝ ընդդիմությունն ու ընդդիմադիրներն առաջիկայում ավելի ու ավելի են աշխուժանալու ու ակտիվանալու, որովհետեւ նոր Սահմանադրության առկայությունն արդեն փաստ է, իսկ դա նշանակում է, որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունն արդեն ոչ թե տեսլական է, այլ հարյուրտոկոսանոց իրականություն, իսկ դա էլ նշանակում է, որ այսուհետ ընդդիմադիրների միջեւ պայքարն անհամեմատ թեժ է լինելու, քան նախկինում էր, որովհետեւ, ըստ ամենայնի, հաջորդ ԱԺ-ում էլ են ընդդիմության տեղերը չափազանց սահմանափակ քանակություն ունենալու, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ չափազանց փոքրաքանակ տեղերը գրավելու համար ընդդիմադիրները ոչ թե պարզապես իրար դեմ են պայքարելու, այլ ուղղակի իրար կոկորդ են կրծելու, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկայում էլ միասնական ընդդիմություն չի լինելու, որովհետեւ արդեն իսկ պարզ է, որ ԱԺ-ում ընդդիմությանը հատկացված տեղերը չափազանց քչություն են անելու, եւ փողոցային պայքարն էլ ընդդիմությանը լուրջ ապագա չի խոստանում, մինչդեռ պատգամավորական մանդատն ընդդիմադիր գործչին ոչ միայն բարձր աշխատավարձ է ապահովում, այլեւ ելույթի միանգամայն երեւելի ու բարձր ամբիոն:

Փողոցային պայքարը գնալով ավելի ու ավելի հետին պլան է մղվում, որովհետեւ լուրջ ու ռեալ արդյունքների չի հանգեցնում: Եվ այդ իսկ պատճառով հիմա արդեն անխտիր բոլոր ընդդիմադիրներն են ձգտելու պատգամավոր դառնալ: Առաջ էլ էին ձգտում, բայց հիմա պայքարն անհամեմատ թեժ է լինելու:

Տարիներ շարունակ մեր ընդդիմադիրներն էին փափագում հարյուրտոկոսանոց համամասնական ընտրություն՝ համարելով, որ մեծամասնական ընտրություններն օլիգարխներին, մեծահարուստներին ու իշխանական լծակների մոտ գտնվողներին են ձեռնտու: Բայց դա նախորդ ընտրությունների ժամանակ էր, իսկ առաջիկա ընտրությունների ընթացքում կարող է ճիշտ հակառակը պարզվել. կարող է պարզվել, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն այս անգամ մեծամասնական տարբերակով ընտրվելու անհամեմատ ռեալ հնարավորություններ ունեին: Այսինքն՝ հնարավոր է, որ հարյուրտոկոսանոց ընդդիմադիր Փոստանջյան Զարուհու կուսակցությունը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրություններում ձայների պահանջվող քանակ չհավաքի, եւ Զարուհին պատգամավոր չդառնա: Նույնը կարող է տեղի ունենալ նաեւ Նիկոլի պարագայում:

Համաձայնվեք, որ, այնուամենայնիվ, այս տարբերակն անարդար ու արտառոց կլինի: Այսինքն՝ Նիկոլն ու Զարուհին պիտի այնքան ակնհայտ առավելություն ունենան, որ իրենց շնորհիվ նաեւ իրենց կուսակցությունները ձայների որոշակի շեմը հաղթահարեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031