Օբյեկտիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն
2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկը, հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր և գումար։ Հիշյալ անձն իր հետ բերված 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձինք ստացել են հրազենային վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված անձին։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ