Քրիստոնեությունը առաջինը ընդունած, ցեղասպանություն ապրած, դարերով պետություն չունեցած ազգի համար իրոք դժվար է երկու-երեք տասնամյակում պետականություն կերտել և պտուղները քաղել:
Ասվածին ավելացնենք նաև այն փաստը, որ վերջին տարիներին պետության շինարարության գործին հաճախ եկել են մարդիկ, որոնք տարբեր խողովակներով և վերելակներով են մտել իշխանական խոհանոց: Պարզ է դառնում, որ երբևէ չլինելով քաղաքական գործիչ, նրանք այդպես էլ չեն կարողանում դառնալ պետականամետ այր:
Ինչ վերաբերվում է երկրում առկա սոցիալական իրավիճակի գնահատմանը, ապա պետք է նշել, որ հուսադրող ոչինչ չի արվում, նույնիսկ ասվում: Ավելին, առանց աչք թարթելու բարձրաձայնում են, որ 2016 թվականը դժվար տարի է լինելու…:
Բնականաբար հարց է ծագում՝ բայց ո՞ւմ համար:
Կարդացեք նաև
Ժողովրդի, շարքային քաղաքացիների համար իրոք դժվար է լինելու ուռճացված իշխանական ապարատ պահելը և նրանց աշխարհով մեկ պտտեցնելը:
Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է կառավարման համակարգի պահպանման ծախսերը վերանայել և լրջորեն կրճատել: Անհրաժեշտ է պահպանել այն նախարարությունները, որոնք իրապես զբաղվում են ոլորտի ռազմավարության ծրագրերի մշակմամբ: Աննպատակահարմար է պահպանել այնպիսի նախարարություններ, որոնց ոլորտների զարգացման ռազմավարական ծրագրերի մշակումը էապես համաձայնեցվում է կամ ամբողջությամբ վերանայվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Այդպիսի նախարարությունների թվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Չունենք տնտեսություն և տնտեսության զարգացման ռազմավարություն, բայց ունենք էկոնոմիկայի նախարարություն: Ունենք գործազրկության մեծ ցուցանիշ, բայց նախարարությունը կոչվում է աշխատանքի և…: Տրանսպորտը գտնվում է մասնավորի՝ գծի տերերի ձեռքում, բայց նախարարությունը պահպանվում է պետական բյուջեի հաշվին: Մշակույթը ամբողջությամբ սերիալ է դարձել, իսկ նախարարությունը գործում է: Ո՞ւմ համար է քաղաքաշինության նախարարությունը և ո՞ւմ բիզնեսի զարգացման համար է այն ծառայում:
Վերը նշվածն ամբողջությամբ չի արտացոլում կառավարման համակարգի իրական պատկերը իր բացթողումներով և բնականաբար խորացող սոցիալական ճգնաժամը մեղմելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր՝ կրճատել նախարարությունների պահպանման ծախսերը ոչ թե մի քանի անպաշտպան հաստիքներով, այլ կրճատելով նախարարություններ:
Այդ ձևով կթեթևանա քաղաքացիների վրա ծանրացած հարկային բեռը:
Ստեղծված իրավիճակում բարձրաստիճան այրերը կրկնում են, որ առաջիկայում տնտեսության վիճակը չի կարող բարելավվել, քանզի այն դեռ առավել դժվարին է լինելու:
Մնում է կարծել, որ իշխանության ձեռքը քարի տակ է և հնարավորություն չունի գրիչը վերցնել և սկսել կրճատել կառավարման համակարգի ավելորդ ծասխերը:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար