Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել, ոչ թե սպասել ապրելուն

Հունվար 17,2016 20:10

Մարդիկ իրենց կյանքի մեծ մասն անիմաստ ծախսում են սպասելու վրա: Մենք սպասում ենք ավտոմոբիլային խցանումներում, օդանավակայաններում,  երբեմն սուպերմարկետների հերթերում: Սպասում ենք, իհարկե, թե երբ է գալու աշխատավարձի օրը: Ձմռանը մենք սպասում ենք, թե երբ գալու գարունը, աղջիկները սպասում են, թե երբ է հորիզոնին հայտնվելու իրենց արքայազնը: Պոետներն ու կոմպոզիտորները սպասում են, թե երբ է գալու իրենց մուսան: Ֆեյսբուքի պատանի օգտատերերը սպասում են, թե քանի հոգի է like տալու իրենց լուսանկարներին:

Գործազուրկները սպասում են, թե երբ է որեւէ մեկն իրենց լավ աշխատանք առաջարկելու: Արտերկրում ապրող հայաստանցիները սպասում են, թե «երբ է էս երկիրը դզվելու, որ վերադառնանք» (համենայնդեպս, այդպես են ասում): Հայաստանում ապրող հայաստանցիները սպասում են, թե «երբ է գալու էս ժողովրդի մասին մի քիչ մտածող թագավոր»: Խաղամոլները սպասում են ջեք-փոթի, իսկ անբախտները նստած են թախտին եւ սպասում են բախտին: Հա, մոռացա. հայրենասերները սպասում են, թե երբ է Պուտինը Հայաստանին վերադարձնելու Մասիս սարը:

Առաջարկում եմ արմատապես կրճատել սպասումների վրա մսխվող ժամանակը: Խցանումներում, հերթերում եւ օդանավակայաններում աուդիոգրքեր կամ լուրջ երաժշտություն լսել: Հաճույք ստանալ նաեւ ձմեռային եղանակից: Աղջիկներին՝ հանդիպել իրականում գոյություն ունեցող տղաների հետ: Պոետներին՝ գրել թեկուզ այնպիսի տողեր, որոնք հետո ջնջվելու են, «ճիշտ» տողերը կգան ընթացքում: Գործազուրկներին՝ «ստեղծել» աշխատանք, ոչ թե սպասել դրան: Եվ այլն:

Մի խոսքով, ապրել, ոչ թե սպասել այն օրվան, թե երբ եք ապրելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սքանչելի փիլիսոփայութիւն է՝ ապրիլ պահը, ներկայ պահը միայն, եւ ոչ՝ թէական ապագայի մէջ: Միայն թէ, այստեղ ալ չափի խնդիր կայ, որովհետեւ առանց ապագայի մասին մտածելու, առանց երբեք ապագայով մտահոգվելու ապրիլն ալ անպայման առողջ մօտեցում մը չէ: Ի դէպ, հիմնական ախտերից մին է, յատկապէս, արեւմտեան երկիրներում, ինչպէս նաեւ որոշ երիտասարդութեան մը մօտ, ամենուրեք:
    cf. https://www.aravot.am/2012/08/13/304004/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031