Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Անի թաղամասի Տրդատ ճարտարապետ փողոցում դանակահարել էին Հովիտ գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանին: Մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքեր ստացած երիտասարդին ժամը 19.25-ին հասցրել էին Գյումրի բժշկական կենտրոն ու անմիջապես մտցրել էին վիրահատարան: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացավ, որ հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալված է, վիճաբանությունը է սկսվել մեքենան կայանելու հետ կապված: Ձերբակալվողը Արամ Ալեքսանի Պողոսյանն է՝ ծնված 1991 թվականին:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով:
112 հոդվածը, որը կոչվում է Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սահմանում է
Կարդացեք նաև
- Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ