Լրահոս
Օրվա լրահոսը

Խնձորով չաթնի

Հունվար 17,2016 12:30

Այս հնդկական նախուտեստ-թանձրուկը այն հազվադեպ ուտեստներից է, որ հավանում են անգամ սննդի հարցում ամենապահպանողական մոտեցում ունեցողները: Քաղցրակծու, մի թեթեւ թթվաշ չաթնին (chutney) հնդկական խոհանոցի զարդերից է, որ գրավել է ողջ աշխարհը, քանի որ հարմար է գալիս գրեթե բոլորի քիմքին: Չաթնիի բաղադրատոմսերը բազմազան են, այն պատրաստում են գրեթե բոլոր մրգերից, սակայն առավել տարածվածը խնձորովն ու մանգոյովն են: Առաջարկում եմ պատրաստել խնձորով չաթնիի այս տարբերակը, որը բավականաչափ մոտ է դասականին:

Անհրաժեշտ մթերքները

Խնձոր- 3-4 կգ
Մուգ շաքար- 1 բաժակ (կարելի է նաեւ սպիտակն օգտագործել, բայց մուգ շաքարը ոչ միայն չաթնիի գույնը, այլեւ համն է յուրահատուկ դարձնում)
Սոխ-2 հատ մեծ կամ 4-5 հատ փոքր
Թարմ կոճապղպեղ- մեկ ճաշի գդալի չափ՝ մանր քերիչով քերած
Սխտոր- 3 պճեղ
Թարմ կծու պղպեղ- 1 հատ (եթե թարմը չկա, կարող եք աղացած կարմիր կծու պղպեղ ավելացնել)
Չամիչ- 1 բաժակ (կարելի է կեսը փոխարինել լոռամրգու (клюква) կամ կծոխուրի (барбарис) չրով)
Քացախ-1 բաժակ
Համեմունքներ- դարչին, մեխակ, համեմի սերմ, մանանեխի սերմ, անիս, հոտավետ պղպեղ, սեւ պղպեղ, կոճապղպեղի փոշի… համեմունքները՝ որքան շատ, այնքան լավ, եթե ունեք հնդկական «հարամ մասալա» կոչվող համեմունքների հավաքածուն, որի բաղադրության մեջ վերը նշված գրեթե բոլոր համեմունքները կան, ավելացրեք նաեւ դրանից:

Պատրաստման եղանակը

chatni1 chatni2

Խնձորները լվանալ, կեղեւել, կտրատել 6-8 կտորի, լցնել մեծ, հաստ հատակով կաթսայի մեջ: Վրան լցնել շաքարավազը, թողնել կես ժամ, մինչեւ հյութը դուրս տա: Ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը, թարմ կծու պղպեղը, քերած կոճապղպեղը, չամիչը (չիրը): Լցնել նաեւ քացախը եւ դնել մարմանդ կրակին:
Այդ ընթացքում առանձին տաքացրեք մի թավա, որի մեջ լցրեք համեմունքները, եթե աղացած չեն, օրինակ՝ մեխակը, համեմի սերմը, մանանեխի սերմը, անիսի աստղիկները: Հենց մի փոքր տաքանա, եւ համեմունքների բույրը տարածվի, անջատեք եւ աղացեք համեմունքները կամ ծեծեք հավանգով:

chatni3

Չաթնին պետք է պարբերաբար խառնել: Զանգվածը պետք է ընդհանուր առմամբ մեկ ժամ եփվի: Երբ համեմունքները պատրաստ լինեն, ավելացրեք: Այն համեմունքները, որոնք արդեն աղացած էին, նույնպես ավելացրեք:

Ընթացքում համը փորձեք, եթե զգաք, որ ինչ-որ բան պետք է ավելացնել, մի՛ վարանեք, ավելացրեք: Այս բաղադրատոմսը աղ չի ենթադրում, բայց եթե դուք ընդգծված աղակեր եք, մեկ գդալը չի խանգարի:

chatni4 chatni5

Երբ չաթնին պատրաստ լինի՝ լցրեք տարաների մեջ եւ փակեք:
Չաթնին անչափ համեղ է ինչպես թռչնամսի, այնպես էլ խոզի մսի հետ: Սակայն այն նաեւ հենց այնպես՝ մի կտոր հացի հետ է շատ համեղ: Հրաշալի թանձրուկ է բրնձի համար: Համեմունքների առատության շնորհիվ այն շատ ախորժաբեր է: Հիշեք միայն, որ չաթնիի համը «բացվում է» օրերի, անգամ՝ ամիսների ընթացքում: Առնվազն տասն օր հետո նոր միայն կարելի է վայելել այս ուտեստը: Իսկ ամիսների ընթացքում այն ավելի ու ավելի համեղ է դառնում: Չաթնին երկար է պահպանվում՝ մութ եւ զով վայրում: Բացելուց հետո էլ առնվազն 2-3 շաբաթ կարելի է պահպանել սառնարանում: (Եթե, իհարկե, մնա):chatni6

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031