«Սերժ Սարգսյանը բավականին վատ վիճակում է: Նա չունի ժողովրդի աջակցությունը, իսկ ներսում նրան հիմնականում չեն վստահում, այլ հարց է, որ ենթարկվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Որքան էլ Սերժ Սարգսյանին թվա, որ իր դիրքը պառլամենտական համակարգի դեպքում ավելի լավ է, ես այդ կարծիքին չեմ, որովհետև նա ամեն ինչ դրեց մի զամբյուղի մեջ, և 2017 թվականի ձախողումը կբերի նրա քաղաքական վախճանին: Նա ժխտեց նաև իր խոսքը, որ չի հավակնում սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ վարչապետ կամ նախագահ: Եվ ՀՀԿ-ի մոտ այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքը հիմնականում չի պահում և նրա համար թիմի, թիմակցի գաղափար չկա: ՀՀԿ-ում բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է յուրաքանչյուրին զոհաբերելու: Տեսեք, օրինակ, ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո´չ Ռոբերտ Քոչարյանի օրոք յուրայիններին իրենց լրատվամիջոցներով չէին վարկաբեկում, իսկ հիմա իշխանական մամուլը գրում է յուրայինների դեմ: Միայն Սերժ Սարգսյանին չեն պախարակում»,- նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:
Արամ Հարությունյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունն էլ այսօր խնդիրներ ունի, որովհետև հիմնական ուժերը չնպաստեցին նրա համախմբմանը:
Բանախոսի համոզմամբ՝ իշխանափոխության հասնելու միակ ճանապարհն ընդդիմադիր ուժերի միավորումն է. «Ժողովուրդը շատ իմաստուն է և միայն այն ժամանակ է ոգևորվում ու դուրս գալիս հրապարակ, երբ համախմբում է տեսնում: Իսկ երբ նա հասկանում է, որ քաղաքական ընդդիմադիր ուժերն ավելի շատ զբաղված են ընդդիմադիրի «տիտղոս» ձեռք բերելով, ենթագիտակցորեն նույնիսկ հրապարակ չի գալիս: Չի կարելի Ազատության հրապարակը հենց այնպես զբաղեցնել: Մեր խնդիրն այն չէ, որ ցույց տանք՝ մեզնից ամեն մեկը որքան կարող է մնալ հրապարակում կամ ինչքան վատ բան կարող է ասել իշխանությունների մասին: Մեր խնդիրը հրաշալի ժողովրդին արժանի լինելն է»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Դրա համար, ըստ նրա, ընդդիմությունը պետք է մոռանա, թե ով ինչ է ասել կամ արել մինչև այսօր, և համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. «Եթե հաջողվի մի կողմ դնել նախկինում եղած բոլոր հակասությունները, մթնոլորտը կփոխվի: Իսկ եթե շարունակվեն փոխադարձ վիրավորանքները, կստացվի, որ բոլորը բոլորին մեղադրում են, և դրանից շահում է Սերժ Սարգսյանը»,- նշեց Ա. Հարությունյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
պարոնը ասում է՝
«ընդդիմությունը պետք է (…) համախմբվի մեկ ընդհանուր գաղափարի շուրջ.»
սակայն ընդդիմութիւնը շատ յստակօրէն համախմբված է մէկ ընդհանուր եւ հիմնական գաղափարի շուրջ՝ վարչակարքի փոփոխութիւն
տարակարծութիւնները կը վերաբերին այդ միացեալ գաղափարը իրականացնելու միջոցներին, մարտավարութեան
իսկ աւելի խոր անհամաձայնութիւնը այն է թէ ընդդիմութեան ամէն մի պարագլուխ ուզում է ինք լինել գալիք նոր թագաւորը… ոչ անպայման պաշտօնական տիտղոսով, այլ ուժով եւ հեղինակութեամբ