Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 16-ին «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց 2-ամսյա նախնական կալանքը: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա ասաց, որ դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է խոչընդոտել նախաքննությանը
Նա նշեց, որ Գառնիկ Մարգարյանը եւ Արթուր Վարդանյանը զրույցներ են ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի սրճարանում. «2-3 անգամ նստել եւ զրույցներ են արել, հանդիպումը չի կարող բերել եզրակացության, որ գիտեք այո, համագործակցել են: Հանցավոր համագործություն ըստ էության գոյություն չունի: Իմ պաշտպանյալը նաեւ ինձ ասել է, որ Արթուր Վարդանյանն ասել է, որ խնդիր ունի Քեսաբ ջոկատ տանել, ինքն ասել է, որ նման խնդիր լուծելու համար պարտավոր է պետական մարմինների հետ համագործակցել: Իսկ Արթուր Վարդանյանը հավաստիացրել է, որ բոլորի հետ հանդիպել է: Արթուր Վարդանյանը, եթե հանկարծ ասի, ես նախարարին հանդիպել եմ, ինչի՞ դրանց չեն բերում»:
Հովիկ Արսենյանը հավելեց, որ Գառնիկ Մարգարյանը հայտարարել է, որ կատարվածը քաղաքական հաշվեհարդար է. «Նոյեմբերի 24-ից գիտի, որ այդ խումբը կալանավորվել է, եւ եթե ինչ-որ առնչություն ունենար եւ այլն, եւ այլն, իրեն ինչո՞ւ պետք է այդպես պահեր: Թո՛ղ մի հատ ստուգեին եւ պարզեին»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 16-ին որպես խափանման միջոց նախնական կալանք է նշանակվել նաեւ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ