Երեկ գրիպի Ա տեսակի H1N1 վարակից 3 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ այդ վարակից, ժողովրդին ավելի հայտնի՝ խոզի գրիպից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին է եղել: Ըստ առողջապահության նախարարության տվյալների, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով, որոնցից 231-ը անչափահաս են: Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ, որոնցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Չնայած նրան, որ հանրության մի մասի մոտ խուճապ է նկատվում, եւ մարդիկ մտահոգվում են, թե ինչու հանրապետությունում համաճարակային իրավիճակ չի հայտարարվում, «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց. «Խուճապ չկա, ես դեմ եմ խուճապին՝ անկախ նրանից, թե ինչով է դա բացատրվում»: Ինչ վերաբերում է համաճարակին, Մուրադյանը նշեց՝ որպեսզի համաճարակային իրավիճակ լինի, փաստացի հիվանդացության վերջին տարիների միջին ցուցանիշը պետք է գերազանցի 4-5 անգամ. «Օրինակ՝ ժանտախտի դեպքում 2 դեպքը բավական է, որ հայտարարվի համաճարակ: Այսօր պաշտոնապես հայտարարում եմ՝ համաճարակ չունենք Հայաստանում»:
Որոշ մասնագետներ ասում են, որ համաճարակային իրավիճակ հայտարարելու դեպքում բազմաթիվ հիմնարկներ են փակվում, թռիչքներ են դադարեցվում, այսինքն՝ երկրի բնականոն կյանքը կտրուկ փոխվում է, ինչը հսկայական ծախսերի ու վնասների հետ է կապված: Այս դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Եթե համաճարակային իրավիճակ հայտարարվի՝ հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալային ֆոնդը կավելացվի, ախտահանման միջոցառումները կշարունակվեն, կուժեղացվեն, կարգելվեն զանգվածային միջոցառումները, օրինակ՝ թատրոններում՝ ներկայացումներ, համերգներ, կինոթատրոնների գործունեությունը կարգելվի: Այդպիսի բան չկա, դրա կարիքն էլ չկա, որ դադարեցվի նման օբյեկտների գործունեությունը: Մենք հիմա Հայաստանի սահմանային անցակետերում կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացնում ենք»:
Քաղաքացիներն ու բուժհիմնարկների աշխատակիցները մեզ ահազանգում են, որ հիվանդանոցներում «տեղ ու դադար չկա», մարդիկ պատմում են, որ հաճախ հիվանդանոցներում հրաժարվում են հոսպիտալացնել, բայց կլորիկ գումար վճարելուց հետո առանձին ազատ հիվանդասենյակ է «բացվում»: Այս առնչությամբ էլ պարոն Մուրադյանը վստահեցրեց. «Հատուկ հանձնարարական է տրված՝ անկախ սոցիալական խմբերում ներգրավվածությունից, այն բոլոր հիվանդները, որոնք գրիպի ակտիվության հետ կապված դիմել են հիվանդանոց եւ հոսպիտալացվել են, պետք է պետպատվերով բուժում ստանան: Ինչպես նաեւ իրենց տեղամասային պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրվող դեղորայքն ու բուժումը պետք է լինեն անվճար»:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին էլ՝ հանրության շրջանում կարծիք կա, որ եթե նախարարությունն ավելի վաղ սկսեր իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանքները, ապա վարակի տարածումը շատ չէր լինի, մարդիկ ամանորյա օրերին կխուսափեին տնետուն գնալ, շատ շփումներ ունենալ, Արմեն Մուրադյանը պնդեց, որ նախարարությունը համապատասխան աշխատանքները չի ուշացրել. «Եթե մենք ակտիվ իրազեկման եւ պարզ ինֆորմացիոն աշխատանքներ չվարեինք, զուգահեռ կանխարգելիչ եւ ամենօրյա բուժական աշխատանքներ չանեինք, գուցե ունենայինք շատ ավելի շատ ծայրահեղ դեպքեր, անհամեմատ ավելի մեծ կորուստներ: Ծայրահեղ ծանր դեպքերը հիմնականում առաջին օրերի հիվանդացություններն էին, որոնք, ցավոք, երկար պայքարից հետո որոշ դեպքերում մահով ավարտվեցին: Այդ օրերին մարդիկ իրենց հանգիստ, տոնական բարեկեցիկ օրերը չէին ուզում փոխել, մտածում էին՝ թեթեւ հազում եմ, ջերմում են, ոչինչ, տոները կանցնեն՝ բժիշկ կկանչենք: Ասեմ, որ անկախ տոներից եւ անկախ նրանից, թե ինչպիսի տպավորություն է եղել, բոլոր օրերին եւ մենք, եւ բուժհիմնարկներում տրվել է բուժօգնություն: Իրազեկումը միշտ եղել է բոլոր հնարավոր միջոցներուվ: Սեզոնային խնդիրներ կան, սա առաջին տարին չէ, բոլոր տարիներին այս սեզոնին իրազեկումը բարձրացվում է»:
Նախարարը մի դեպք պատմեց, երբ հղիներին իրավապահ մարմինների միջոցով են փորձել արգելել տանից դուրս գալ. «Երբ մենք տեսանք բարձր ջերմությունով 2 հղի կին, անգամ թոքաբորբի պատկեր ունեինք, մենք չէինք ուզում նրանց թույլ տալ դուրս գալ, բայց հարազատներն ասում էին՝ մեր հարազատի հարսանիքն ա, պիտի գնանք, հվանդանոցից մի հատ գնանք հարսանիք, էլի գանք: Ուզում էինք ոստիկանությունով արգելել, չստացվեց: Մեր հանրության շրջանում կա այդ սովորությունը, որքան ուզում ես՝ արգելեր, ինչպես հայ տղամարդիկ են իրար ողջունում գրկախառնվելով, այնպես էլ Նոր տարվա օրերին բազմաթիվ այդ սերտ կոնտակներն էին, որոնցից որեւիցե կերպ անհնար է խուսափել: Անգամ հիմա էլ, այսքան խոսում ենք, էլի անհնար է խուսափել: Մարդիկ ասում են՝ երբ վատ կլինեմ, ես կդիմեմ, ինձ մի սովորեցրու՝ ես ոնց առողջ մնամ»:
Մեր այն դիտարկմանը, որ նախարարությունը օրերս է սկսել ավելի ակտիվ իրազեկումը՝ հուշաթերթիկների ու տեսահոլովակի տարածումը, երբ արդեն վարակի մեծ տարածվածություն էր նկատվում, Մուրադյանը նորից պնդեց, որ իրենք այդ աշխատանքները ավելի շուտ են սկսել:
«Առավոտին» ահազանգած որոշ բուժաշխատողներ վստահեցնում են, որ հիվանդների ու դիմելիության պաշտոնական թվերը միտումնավոր քիչ են ներկայացնում, որպեսզի խուսափեն ավելորդ գլխացավանքից եւ տագնապից: Այս դիտարկմանն էլ ի պատասխան՝ պարոն Մուրադյանն ասաց. «Ես ձեզ երաշխավորում եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ որեւիցե թիվ, որեւիցե օր չի խեղաթյուրվել, այն էլ՝ միտումնավոր: Ես դա բացառում եմ, որովհետեւ սա ոչ միայն մեր աշխատանքի հանդեպ հարգանք է, այլեւ անվտանգության պարզ ցուցանիշ է»:
Ինչ վերաբերում է մարզային պոլիկլինիկաներում, ինչպես նաեւ դեղատներում վարակի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի՝ «Տամիֆլյուի» բացակայությանը, պարոն Մուրադյանն ասաց, որ երեկ արդեն այդ խնդիրը լուծվել է, եւ այս պահին բոլոր բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով եւ սարքավորումներով:
Ներկայումս պաշտոնական որեւէ տվյալ չկա, թե որքան է Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 վարակով հիվանդների թիվը, ի վերջո՝ այդ վարակով որքա՞ն հիվանդ կա հանրապետությունում, մեր այս հարցին ի պատասխան՝ Մուրադյանն ասաց. «Շուրջ 300 նմուշառում H1N1 վարակով դրական է եղել: Այս պարագայում շարունակել բոլորին նմուշառումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ անհրաժեշտություն չկա: Պարզ է, որ շրջանառվում է այդ տեսակի վարակը, միայն ծայրահեղ ծանր դեպքերն են նմուշառվում»:
H1N1 վարակի տարածվածությունը մեր երկրում եղել է նաեւ 2009 թվականին, սակայն այսպիսի լարված ու խուճապային վիճակ այն ժամանակ չէր նկատվում, ինչո՞վ է դա պայմանավորված՝ մեր այս հարցին Արմեն Մուրադյանը պատասխանեց, «2 տարի առաջ էլ է եղել, 6 տարի առաջ ավելի վատ ու ծանր, խորը եւ լայնածավալ է եղել վիճակը: Ես այն ժամանակ էլ, հիմա էլ չեմ տեսնում խուճապ: Պարզապես պետք է մարդիկ զգոն լինեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ