Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակվեց երկամսյա նախնական կալանքը: Այս մասին լրագրողներին հայտնեց Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Նա նշեց, որ իրենք միջնորդել են, որ Առաքելյանի նկատմամբ գրավ կիրառեն, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է:
Փաստաբանը նշեց, որ Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի, եւ իրենք պատրաստվում են առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արման Դանիելյանի ֆեյսբուքյան էջի