Ռուս երգիչ Դիմա Բիլանը հանդես կգա Հայաստանում՝ բացառիկ սառցե շոուի շրջանակում: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին «Ֆորպոստարտ պրոդաքշընից», Դիմա Բիլանի առաջին համերգը իրենք կազմակերպել էին դեռեւս 9 տարի առաջ: Նախագծի պրոդյուսեր Անի Զաքարյանը եւ նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը որոշել են այժմ էլ հատուկ Հայաստանի համար շոուն անցկացնել նոր ձևաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ: Այնպես որ, այս տարվա մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» շոուն:
Կազմակերպիչների բնորոշմամբ, այն աննախադեպ է՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ:
Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների: Անվանի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Բացի Պլյուշչենկոյից, շոուի ժամանակ հանդես կգան Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը եւ ուրիշներ: Հանդիսատեսը երեք ժամ շարունակ ականատես կլինի ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ինքնատիպ համարներին: Իմիջիայլոց, սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև