Ազգային արժույթի արժեւորումը կամ արժեզրկումը խոսում է տվյալ երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթների մասին: Այն, սակայն, տնտեսության կացության ցուցիչներից մեկն է միայն, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկրի մոնետար իշխանությունները (կենտրոնական բանկերը) իրենց միջամտությամբ խթանեն ազգային արժույթի արժեզրկումը կամ արժեւորումըՙ կախված նրանից, թե տվյալ պահին տնտեսական ո՞ր խնդիրն է առավել կարեւորՙ գնաճի զսպումը, թե՞ տնտեսական աճին խթանելը, դոլարայնացման սահմանափակումը, թե՞ արտահանման խրախուսումը:
Հայկական դրամի պահվածքը վերջին 5 տարիներին
Միեւնույն ժամանակ, ոչ մի կենտրոնական բանկ չի կարող երկար ժամանակ զսպել ազգային արժույթի արժեզրկումը կամ հակառակըՙ արժեզրկել ազգային արժույթը: Տնտեսական իրողություններին դեմ գնալը պարզապես անհնար է եւ նմանվում է դոնքիշոտյան պայքարի հողմաղացների դեմ: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները իրենց ազդեցությունն են թողնում փոխարժեքների վրա: Ո՛չ աշխարհի ամենահզոր տնտեսություն եւ միջազգայնորեն փոխարկելի արժույթներ ունեցող ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ Չինաստանը կամ Ճապոնիան, ո՛չ նավթային հարուստ պաշարներ ունեցող Ռուսաստանը կամ Սաուդյան Արաբիան, ո՛չ էլ առավել եւս նման ավելի փոքր երկրների տնտեսությունները չեն կարող զերծ մնալ փոխարժեքային տատանումներից կամ ցնցումներից:
Մյուս կողմիցՙ փոխարժեքի տատանումը այն երևույթներից է, որը բացի տնտեսության վրա ազդելուց եւ տնտեսության կացությունը բնութագրելուց, անմիջապես եւ առավել զգայուն ազդեցություն է ունենում բնակչության թե՛ վարքագծի ու սպասումների, թե՛ եկամուտների ու ծախսերի, թե՛ սոցիալական կացության վրա:
Այս առումով հետաքրքրական է, թե ինչպես է փոփոխվել մեր ազգային արժույթը վերջին 5 տարիներին: Դիտարկենք դեկտեմբեր ամսվա 1 դոլարի դիմաց հայկական դրամի միջին փոխարժեքի ցուցանիշները սկսած 2011-ից.
2011 թ. 383 դրամ
2012 թ. 405 դրամ
2013 թ. 405 դրամ
2014 թ. 463 դրամ
2015 թ. 482 դրամ
Ինչպես երեւում է աղյուսակից, չհաշված 2014-ի դեկտեմբերին արձանագրված կտրուկ տատանումը, հայկական դրամը բավականին սահուն եւ անցնցում վարքագիծ է դրսեւորել: Տարեկան փոխարժեքի տատանումը միջինը 5 տոկոսի շրջակայքում է եղել: 2014-ի դեկտեմբերին այն արժեզրկվեց շուրջ 15 տոկոսով, որն անգամ այս դեպքում, այդ ժամանակ ամենացածր արժեզրկումն էր նախկին ԽՍՀՄ, Արեւելյան Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների ազգային արժույթների կտրուկ արժեզրկման մեջ:
Ինչ վերաբերում է անցյալ տարվանՙ 2015-ին, ապա դրամի արժեզրկումը 1 տարվա կտրվածքով 5 տոկոսից էլ ցածր է եղել: Սա հակառակ անցյալ տարվա ընթացքում այսպես կոչվող քաղաքացիական հասարակության նախաձեռնած ցնցումների, քաղաքական բողոքի արտահայտություններիՙ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: Տնտեսական երեւույթները բացառապես քաղաքական գործընթացներով բացատրողների վառ երեւակայությամբ, հանրաքվեից հետո դրամի կտրուկ արժեզրկում պետք է տեղի ունենար: Ինչը, բնականաբար, չեղավ:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: