Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային մենթալիտետ

Հունվար 16,2016 10:00

Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ում քննարկվող պատժամիջոցները, որոնք ուղղված են իր երկրի դեմ, «հայկական լոբբիի» խարդավանքների հետեւանքն են: Չգիտեմ՝ արդյո՞ք նրանք իրոք այդպես են կարծում, թե՞ պարզապես առիթ են ստեղծում՝ հայերին էլի ինչ-որ բանում մեղադրելու համար, բայց պարզ է, որ այդ պաշտոնյաները չեն ցանկանում ընդունել, որ իրենց երկրում իսկապես կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Իհարկե, այդ առումով Ալիեւի վարչակազմը միայնակ չէ, բայց «պատասխան» մեղադրանքները Միացյալ Նահանգների հասցեին խոսում են այդ վարչակազմի որոշակի մտավոր մակարդակի մասին: Դա շատ նման է այն իրավիճակին, երբ Ֆրանսիայում խոսում էին Հայոց ցեղասպանության մասին, իսկ թուրքերը պատասխանում են՝ «բա դուք ի՞նչ էիք անում Ալժիրում»:

Այստեղ, հետեւաբար, մենք գործ ունենք տարածաշրջանային մենթալիտետի հետ, որն առկա է նաեւ հայերիս մոտ: Եթե, ասենք, որեւէ թատերական ներկայացում ինձ դուր չգա, եւ ես դրա մասին գրեմ, ներկայացման ռեժիսորի մտքով անգամ չի անցնի մտածել այդ ներկայացման իրական թերությունների մասին: Առաջին միտքը, որը նրա մեջ կառաջանա՝ «տեսնես, ո՞վ է նրան բզում, իմ ո՞ր չուզողը, իմ աթոռին ո՞ր աչք ունեցողը»: Կամ՝ եթե, ենթադրենք, օմբուդսմենը զեկույց գրի կրթական համակարգի մասին, կրթության եւ գիտության նախարարը չի հիշի, որ Հայաստանի հանրակրթական դպրոցների մեծ մասում դեռեւս «քարե դար է», նա կսկսի հաշվարկել, թե իշխանության ո՞ր օղակներում է իր դեմ դավադրություն պատրաստվում եւ որտեղի՞ց է պետք հարվածի սպասել: Ի վերջո կեզրակացնի. «Հլը գնամ շեֆի մոտ, տեսնեմ՝ ինչ հաշիվ է»:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ հենց որ ԵԽԽՎ-ն ցանկանում է անցկացնել հերթական հակահայկական բանաձեւը (որը, ճիշտ է, ի տարբերություն նախորդ օրինակների՝ ակնհայտորեն աղավաղում է իրական վիճակը), մերոնք իսկույն ասում են «խավիար» կախարդական բառը: Այն, որ ԵԽԽՎ պատվիրակների զգալի մասը խորապես անտարբեր է թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի նկատմամբ, բայց ամենեւին դեմ չէ այս կամ այն հարցով քվեարկելիս փող աշխատել, դա, իհարկե անվիճելի է: Բայց ճիշտ չէ՞ր լինի արդյոք սկզբից հասկանալ, թե մեր պատվիրակությունը եւ ընդհանրապես մեր իշխանությունն ամեն ինչ արե՞լ է, որպեսզի նման բանաձեւեր չընդունվեն: Ադրբեջանը մեր հակառակորդն է եւ, բնականաբար, ջանք չի խնայելու՝ մեզ բոլոր ճակատներում վնասելու: Իսկ մեր, մասնավորապես, արտգործնախարարությունը ի պատասխան դրա ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

Ի վերջո, ինձ թվում է, որ խնդիրն ունի նաեւ ներքաղաքական բաղադրիչ. որքան ազատ եւ ժողովրդավար երկիր լինի Հայաստանը, այնքան դժվար կլինի մեր հակառակորդներին նման որոշումներ անցկացնել: Այս հարցում մենք, այո, մի գլուխ բարձր ենք Ադրբեջանից: Բայց եթե 10 գլուխ բարձր լինենք, ոչ մի խավիար նրան չի օգնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միջազգային քաղաքականութեան մէջ, երկրի մը ժողովրդավարական մակարդակը ըստ էութեան աննշան տուեալ մըն է: Կարող է երբեմն գործածուի միայն որպէս կեղծ ու արվեստական հիմնաւորում, մակերեսային պատրվակ: Ամէն բան կախեալ է, խորապէս ու բացառապէս՝ իւրաքանչիւր պետութեան շահերից: ԱՄՆ-յում, ինչպէս նաեւ այլ երկիրներում, անշուշտ թէ կան հայկական քաղաքական աշխատանքներ: Սակայն Ադրբեջանի այժմու դժուարութիւնների ամենահիմնական – նոյնիսկ հաւանաբար միակ – պատճառը պարզ է՝ քարիւղի գինի անկումը:

  2. gib.gibindus says:

    Նայեք ԵԽԽՎ մեր պատվիրակության կազմը: Նայեցի՞ք: Ումից և ինչո՞վ ենք 10 անգամ բարձր: Հնարավոր բոլոր ատյաններում պարտվել ենք “թղթային” բոլոր գործերում (Ճիրագով,Պերինչակ և այլն) միայն տհասության և ոչ պրոֆեսիոնալության պատճառով: Ազերիները գոնե ինչ որ գրագետ մարդկանց են վարձել և առաջ են տանում իրենց գործերը: Մենք զբաղված ենք տհաս պոռոտախոսությամբ և սուտ խոսելով, բոլոր մակարդակներում`կենցաղայինից մինչև ամենավերև:

    • Հ.Շ. says:

      Եթէ այդ աստիճան վա՜տ, անտանելի ու գէշ է մեր վիճակը, ուրեմն ամէն բան վերջացած է արդէն, պարզապէս ի զուր է շարունակել: Վերադարձնենք Արցախը, երկիրը փակենք (ոնց որ խանութ կը փակեն), եւ՝ դավայ, ամէն մարդ իր տունը:

      Չափազանցութիւնը տանում է դէպի անիմաստութիւն: Եթէ ուզում ենք բարելաւել կացութիւնը, պէտք է որ մեր խնդիրների նկատմամբ մի քիչ աւելի կառուցողական մօտեցում ունենանք:

      Նկատի ունենալով թշնամիին եւ իր դաշնակիցների նիւթական անծայրածիր կարողութիւնները, տուեալ դժնդակ պայմաններում, արտաքին քաղաքականութեան մէջ յաճախ խոհեմ ու վարպետ բաներ անում են մեր պետական ներկայացուցիչներն ու ազգային գործիչները: Երբեմն ալ պատահում է որ սխալներ գործեն – հիմնականում՝ նպաստաւոր առիթներ մսխելու իմաստով, կամ ծուղակներ անտեսելով – :

      Իսկ ներքին մնայուն անկայունութիւնը, որքան որ ալ սահմանափակ եւ յարաբերական լինի, վնասում է մեզ: Հակառակ կողմը առաւելագոյնս օգտագործում է այդ: Նաեւ, այդ ներազգային խլրտումների առընչվող հոգեվիճակն ու տեւական պոռթկումները Մայր Հայրենիքի նկատմամբ վանողական ազդեցութիւն ունին հայոց Սփիւռքի վրայ, եւ հետեւաբար վնասում են ազգային միութեան կենսական գաղափարին, հայոց համաշխարհային ուժերի լայնատարած զօրաշարժին, արդիւնաբեր համախմբման, յարատեւ գործունէութեան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031