Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաստեղծության հյուրանոցը

Հունվար 16,2016 15:30
merujan Ter-Gulanyan

Թող ինձ ների ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, թող ներեն նաեւ աստվածաշնչային բազմաթիվ արյունարբու թագավորները, ովքեր հետագայում սուրբ հռչակվեցին, եւ նրանց անուններով այսօր քրիստոնյա աշխարհը իրենց զավակներին է կոչում: Այդ թվում նաեւ մենք` ցեղս հայոց: Եվ իբր թե նրանք մեզ պատմում էին աշխարհաստեղծումը եւ ցույց էին տալիս ակունքը, որտեղ, չգիտես ինչու, իրենք էին միայն:

Այնինչ՝ աշխարհընկալումը, աշխարհաճանաչումը եկավ հետո: Իհարկե, չի բացառվում, որ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ ճշմարտություններ կան պատմված, բայց քանի մենք օր օրի, տարի առ տարի հեռանում ենք հնաստեղծ աշխարհից, այդքան էլ մոտենում ենք մեր նախասկզբին:

Իսկ նախասկիզբը զարմանալիորեն գտնվում է «Սասունցի Դավիթ» եւ շումերների «Գիլգամեշ» էպոսներում, որտեղ ասվում է, թե ամեն ինչ սկիզբ է առել ջրից, եւ ջրի տակ է գտնվում անմահության ծաղիկը: Իսկ կյանքի հիմնախորհուրդը Մեծ մոր արգանդում է:
Ի՞նչ եղավ հետո…

Մարդիկ ապրում էին բնության մեջ` որպես բնության զավակ, քանի դեռ չէր հայտնվել Բուդդան, ով իր խոկումների ներդաշնակությունը գտավ մի պատահական սիթարահար կնոջ խոսքով:

Իսկ հետո եկավ Կոնֆուցիոսը, ով իր աշակերտներին ասում էր, թե դուք ավելի կարեւոր եք, քան ես:

Հետո, արդեն ավելի ուշ, ծնվեց Քրիստոս Աստվածորդին, ով լվաց իր աշակերտների ոտքերը:

Հետո արդեն եղավ այն, ինչ բոլորս գիտենք. հարուստը ճնշեց աղքատին, աղքատն ապստամբեց հարուստի դեմ:

Արեւելքի հանճարեղ մշակույթը հասավ Արեւմուտք` ոտքի տակ տալով «Սասունցի Դավիթ» եւ «Գիլգամեշ»: Եվ Արեւելքի հանճարով լուսավորված Արեւմուտքը փորձեց իր խոսքը թելադրել Արեւելքին` Ալեքսանդր Մեծով եւ Նապոլեոնով: Երկուսն էլ հաղթեցին, բայց մեծ իմաստով պարտվեցին երկուսն էլ:

Ես չգիտեմ, թերեւս, թե ինչ մղում էր նրանց առաջնորդում` գնալ-գնալ դեպի Արեւելք: Գուցե չգիտակցելով՝ նրանք վերադառնում էին դեպի իրենց Մեծ մոր արգա՞նդը, ով ծնել էր մարդկությունը: Եվ նրա հանճարեղ զավակներն էին նրանք:
Ափսոս, Արեւմուտքը այսօր էլ է փորձում կառավարել Արեւելքը` դեռեւս չճանաչելով Արեւելքի հանճարը:

Այնինչ` մենք բոլորս ապրում ենք մի մեծ տան մեջ, որն ընդամենը Աստծո Հյուրանոցն է:
Եվ հիմա արդեն սկսվող այս տարվա նորամուտին ես դարձյալ ու կրկին մտածում եմ` մե՞նք ենք հյուր, թե՞ ԱՍՏՎԱԾ է հյուրը մեր Հոգի-հյուրանոցում:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ Բեկ, says:

    Հանճարեղ է ասված. արևմուտքն է.որ պետք է խոնարվի արևելքի առջև.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031