Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճա՞ռ կասեն, թե՞ զանգ կկախեն»

Հունվար 16,2016 15:00

Եվս մեկ խորհուրդ` այս անգամ արտահանմանը խթանելու համար

«Եթե այդ խորհուրդը ոչ մի արդյունք չտվեց, պետք է ասել, որ այն մատնված էր անգործության: Շատ բան կախված է նրանից, թե կառավարության ղեկավարն իրականում որքանո՞վ է այդ խորհրդի կարիք զգում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` հակադարձելով դիտարկմանը, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք էլ կառավարությանն առընթեր խորհուրդ էր գործում, որը պետք է զբաղվեր արտահանումների աջակցության հարցերով, բայց այն զուտ բյուրոկրատական մարմին էլ մնաց: Այժմ էլ ստեղծվել է Արտահանմանն աջակցության խորհուրդ, որն, ի դեպ, ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարի տեղակալը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է: Խորհրդի կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ այլք: Խոսրով Հարությունյանը լավատեսական տրամադրությւոններ ունի խորհրդի արդյունավետ գործունեության մասով, բայց հարկ է համարում հիշեցնել` սա խորհրդակցական մարմին է եւ չի փոխարինելու կառավարությանը կամ որեւէ նախարարության: Քննարկումներ են լինելու, մտքեր են գեներացվելու, ինչի արդյունքում վարչապետը իր մոտեցումը կձեւավորի. «Ես այդպես եմ հասկանում, որ սա արտահանման հարցերով վարչապետի քաղաքական դիրքորոշումները հստակեցնելուն միտված գործիք է: Ինչպե՞ս կաշխատի խորհուրդը, կաշխատի՞, թե՞ ոչ՝ մեծապես պայմանավորված կլինի վարչապետով` որքանո՞վ վարչապետն այդ խորհրդի կարիքը կզգա եւ որքանո՞վ այս կառույցն ի վիճակի կլինի լուրջ առաջարկներ դնել սեղանին: 2016 թվականը ստեղծագործական տարի է լնելու` նոր լուծումներ, ոչ ստանդարտ առաջարկներ, ուղեղների գրոհ պետք է լինի»:

Խորհրդի կազմում նախկին վարչապետը հակված է առավելապես տնտեսագետների տեսնել. «Քաղաքական պաշտոնյաները թող ներկա լինեն քննարկումների, բայց փորձագետներն աշխատեն: Տնտեսական ոլորտում, ցավոք, մենք այսօր վերլուծական լուրջ կենտրոններ չունենք: Նաեւ` ես, օրինակ, չէի խորշի դրսից մասնագետ հրավիրել: Թող հայ չլինի, հայերեն չհասկանա, բայց թարմ ուղեղով մեկը լինի»:

Նախօրեին, հիշեցնենք, խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին դրվատանքով էր խոսել նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` հույսով, որ շատ հարցերի համար օպերատիվ լուծումներ կգտնվեն:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը արտահանման խթանումը մեր երկրի տնտեսական քաղաքականության առանցքային վեկտորներից է համարում եւ դրանով է պայմանավորում այն փաստը, որ վերջին շրջանում կառավարությունը սկսել է շատ ավելի մեծ տեղ հատկացնել այս խնդրին. «Դրա մասին է վկայում այն փաստը, որ ՀՀ վարչապետի՝ 2016 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունում առանձնակի ուշադրություն է դարձվել արտահանման խթանման ծրագրերին»: Հիշեցնենք, որ կառավարությունում հունվարի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ էր Հովիկ Աբրահամյանը հավանություն տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը, որը կզբաղվի ե՛ւ երկարաժամկետ խնդիրներով, ե՛ւ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին:

Տնտեսագետի խոսքերով՝ արտահանման ծավալների ավելացումը ներկայիս պայմաններում լրջագույն ազդակ կարող է հանդիսանալ տնտեսության աշխուժացման համար:

«Միարժեքորեն ներկայիս աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն մեր երկրի արտահանման հնարավորությունների, ծավալների վրա, այլեւ փոխում են դրա կառուցվածքը: 2015 թվականին Հայաստանի արտահանումը որոշակի անկում ապրեց, փոխվեց նաեւ մեր երկրի արտահանման աշխարհագրական կառուցվածքը: Արտահանման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու համար կարեւոր է պետության եւ գործարար միջավայրի համագործակցված աշխատանքը: Բիզնեսը ավանդական իրացման շուկաների կորուստը փորձում է փոխհատուցել նոր շուկաներ մուտք գործելով: 2015-ին մենք որոշ իմաստով դրա ականատեսն էինք: Մասնավորապես՝ ռուբլու արժեզրկման, ռուսաստանցիների եկամուտների կրճատման հետեւանքով արտահանումը ՀՀ-ից դեպի Ռուսաստան էապես նվազեց: ԱՊՀ այլ երկրների տնտեսական խնդիրները եւս ազդեցին մեր արտահանման ծավալների վրա: Սակայն, ինչպես տեսանք, Ռուսաստանի, Ուկրաինայի, մեր հիմնական այլ գործընկերների տնտեսական բացասական միտումները ստիպեցին հայկական կազմակերպություններին մտնել այլ շուկաներ, որոնել իրացման այլ տարբերակներ: Արդյունքում 2015-ին կտրուկ ավելացան արտահանման ծավալները դեպի Շվեյցարիա, Բրազիլիա, Ճապոնիա, Իրաք, Կանադա, Վրաստան եւ այլ երկրներ»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը, սակայն, այն կարծիքին է, որ արտահանման ավելացման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, խնդիրը պետք է ոչ թե հատվածական լուծվի՝ ժամանակ առ ժամանակ դրան անդրադառնալով եւ համապատասխան որոշումներ կայացնելով, այլ դա պետք է անել կոմպլեքս եղանակով. «Եթե այդ խորհրդում ապահովվի արտահանողների եւ ոլորտի մասնագետների ներգրավվածությունը, ապա աշխատանքների արդյունավետությունը էապես կբարձրանա: Կարծում եմ՝ այդ խորհուրդը, հիմք ընդունելով տարբեր հետազոտությունների, վերլուծությունների տվյալներ, պետք է մի կողմից՝ զբաղվի արտահանման խթանման ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներով, մյուս կողմից էլ՝ կառավարությանը առաջարկներ ներկայացնի ընթացիկ ծրագրերի իրականացման համար: Գործունեության հիմնական նպատակը պետք է լինի արտահանող ընկերություններին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը: Այդ օժանդակությունը պետք է լինի հասցեական եւ կարող է վերաբերել արտահանման ենթակառուցվածքների զարգացման, միջազգային սերտիֆիկացման, մաքսային ընթացակարգերի, իրավական կամ այլ բնույթի խորհրդատվության մատուցման եւ այլ խնդիրներին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031