Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը մինչեւ բիզնես կարգ չի լինում, չի թռչում

Հունվար 16,2016 14:30

Այս կառույցը Մոսկվայի ավիատոմսի համար հարկատուների գումարներից
վճարել է 865 հազար դրամ, որպեսզի իր պաշտոնյան բիզնես կարգով թռչի

Տարիներ առաջ, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Մարի Յովանովիչն էր, արձակուրդներից վերադառնալիս ԱՄՆ դեսպանը՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մոր հետ, որին սայլակով ուղեկցեցին մինչեւ ինքնաթիռ, համեստորեն օգտվեց դեպի Հայաստան եկող ինքնաթիռի էկոնոմ կարգից: Այսինքն՝ դեսպանը, որի աշխատավարձը, հավանաբար, մի քանի տասնյակ անգամ բարձր է մեր նախարարների, փոխնախարարների ու այլ չինովնիկների աշխատավարձից, օգտվեց շարքային քաղաքացիների համար նախատեսված ծառայությունից եւ բացարձակապես կաշկանդված չէր իր ընտրությունից:
ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը վերահսկում, բաշխում ու տնօրինում է Հայաստանի բյուջեի գումարները, անցյալ տարի լիուլի օգտվել է ավիափոխադրման բիզնես կարգի ծառայությունից, օրինակ՝ դեպի Մոսկվա եւ հետադարձ մեկ ավիատոմսի համար վճարելով 865 հազար դրամ: Ուսումնասիրելով ՀՀ կառավարության կայքէջում տեղադրված «Մեկ անձից գնումներ» բաժինը՝ պարզ տեսնում ենք, որ ֆիննախն է հիմնական այն կառույցը, որի կատարած չվերթների որոշակի մասը բիզնես կարգով է: Անգամ նախագահականի պաշտոնյաներն անցյալ տարի, հավանաբար տեղեկացված լինելով բյուջեի սուղ միջոցների մասին, ավելի համեստ են իրենց պահել եւ իրենց գործուղումների ժամանակ օգտվել են էկոնոմ կարգից: Սա ֆիննախի միակ ճոխությունը չէ: Մեկ ամիս անց էլ այս կառույցը կրկին բիզնես կարգով է Մոսկվա մեկնել՝ մեկ ավիատոմսի համար վճարելով 401 հազար դրամ: Երկու դեպքում էլ ֆինանսների նախարարությունը տոմսերը ձեռք է բերել «Վիզա Կոնկորդ» ընկերությունից:

Ֆինանսների նախարարության աշխատակազմը Ամանորի նախաշեմին՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Երեւան ուղղությամբ ավիատոմսը ձեռք է բերել 349 հազար դրամով: Ի դեպ, «մեկ անձից գնումներ» բաժնում տեղադրված փաստաթղթում, որը նաեւ իրենից հաշվետվություն է ենթադրում հասարակության համար, նշված չէ, թե ֆիննախի պաշտոնյան ինչ կարգով է թռչել, սակայն դատելով ավիատոմսի գնից՝ կարելի է ասել, որ ֆիննախը կրկին Մոսկվա մեկնելու համար նախապատվությունը բիզնես կարգին է տվել:

Այս անգամ էլ «Բլեքսթոուն» ընկերությունն է ծառայությունը մատուցել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր պաշտոնյային դեկտեմբերի 12-ին Մոսկվա է ճանապարհել 235 հազար դրամանոց ավիատոմսով՝ էկոնոմ կարգով: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող գրասենյակների աշխատակիցները «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ հատկապես այդ օրերին Մոսկվայից դեպի Հայաստան եկող չվերթները ծանրաբեռնված են, եւ անգամ էկոնոմ կարգի գինը կարող է գերազանցել 200 հազար դրամը: Սակայն եթե պետական կառույցը մի քանի օր ավելի շուտ ձեռք բերեր տոմսը, այն պետության վրա, ինչպես հավաստիացրին մեր զրուցակիցները, ավելի էժան կնստեր:

Բյուջեի սուղ լինելու պայմաններում անցյալ տարի տրանսպորտի եւ կապի նախարարությունն էլ հետ չի մնացել իրեն շքեղություններ թույլ տալուց:
Այս գերատեսչությունը տարվա մեջ մի քանի անգամ օգտվել է բիզնես կարգի ծառայություններից, օրինակ՝ մեկ անգամ Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու համար վճարելով 462 հազար դրամ: Կարգի մասին կայքում տեղադրված փաստաթղթում ոչինչ նշված չէ, այսինքն՝ անգամ տեղեկատվությունը թափանցիկ եւ պատշաճ ներկայացված չէ, սակայն հաշվի առնելով ավիատոմսի բարձր գինը՝ պարզ է դառնում, որ ծառայությունը բարձրակարգ է եղել: Այս դեպքում ավիատոմսի մատակարար է հանդիսացել «Առթա» ընկերությունը:

Չնայած հակակարկտային կայանների անարդյունավետությանը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են փորձագետները, Արարատի մարզպետարանն անցյալ տարի 25 հատ հակակարկտային կայան է ձեռք բերել՝ 66 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:

Սահմանադրական դատարանը 12 հատ «Պրոֆեսիոնալ կոնֆերանս խոսափող» ձեռք բերելու համար վճարել է 456 հազար դրամ: Այս մասին էլ տեղեկանում ենք կառավարության կայքէջի «մեկ անձից գնումներ» բաժնից:
Դատական դեպարտամենտը 336 հազար 600 դրամի 102 հատ կողպեք է գնել, մեկ կողպեքը՝ 3300 դրամ արժողությամբ: Դատական դեպարտամենտը կողպեքները ձեռք է բերել անհատ ձեռներեց Նարեկ Մայիլյանից:

Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայությունը դեկտեմբերին 457 հազար դրամով, այսինքն՝ գրեթե մեկ ջեռուցման կաթսայի գնով, ջեռուցման կաթսայի այրման խցիկի նորոգում է իրականացրել՝ ծառայության դիմաց վճարելով ՖԱ Նիկոլայ Ավետիսովին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031