Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական օրագիր

Հունվար 16,2016 13:30

Լեհաստանն իսկապես ապշեցնում է ոչ միայն իր միջնադարյան ոճի ամրոցներով ու պատմական շինություններով, այլեւ նոր շենքերով: Վարշավայի հիմնական մասը տեղակայված է Վիսլայի ձախ ափին եւ ընդգրկում է քաղաքի պատմական կորիզը՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո) քաղաքները։ Հին քաղաքում պահպանվել են միջնադարյան բերդապարիսպները, Նոր քաղաքում՝ գոթական ոճի շինություններ ու մենաստաններ։ Վարշավան ստանդարտ եվրոպական քաղաք է, նոր շենքերից որոշները ոճերի՝ առաջին հայացքից անտրամաբանական համադրությամբ են կառուցված: Ինձ բախտ վիճակվեց լինել Վարշավայում եւ Կրակովում:

Ի տարբերություն հայկական եկեղեցիների, Լեհաստանում եկեղեցիները զարդարուն են, ամանորի տոներին ոսկեզօծ ու արծաթապատ սրբապատկերներով այդ եկեղեցիների ներսում էլ տոնածառեր են դրված: Պատարագների ժամանակ էլ եկեղեցիները լեփ-լեցուն են, լեհերը հավատացյալ ժողովուրդ են: Այստեղ հայերին շատ լավ գիտեն, եւ Armenia բառը լսելիս այն չեն խառնում այլ երկրների անունների հետ: Մարդիկ Վարշավայում զուսպ են, կարծես քիչ են ժպտում, բայց քաղաքավարի են պատասխանում զբոսաշրջիկների հարցերին: Ափսոս, որ ցուցանակները եւ փողոցների անունները միայն լեհերեն են: Իմիջիայլոց, Լեհաստանի Կրակով քաղաքի Սուրբ Նիկոլայի եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության խաչքար- հուշակոթող կա, այն տեղադրվել է 2004 թ.՝ լեհահայ համայնքի եւ Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկիի նախաձեռնությամբ։ Մեր հյուրանոցը գտնվում էր Կրակով հին քաղաքի մոտակայքում՝ հրեական Կազիմեժ թաղամասում, որը հիմնադրվել է 1335 թ., լեհական կայսեր կողմից, իսկ նոր ժամանակներում թաղամասը հայտնի է նաեւ նրանով, որ այստեղ է նկարահանվել Ռոման Պոլանսկու՝ 3 «Օսկար» ստացած «Դաշնակահարը» ֆիլմը: Կրակովն իսկապես արքայական քաղաք է, այն Լեհաստանի սիրտն է համարվում, ժամանակին էլ մայրաքաղաք է եղել ու թագավորանիստ: Այստեղ կարելի է հանդիպել Վերածննդի, Բարոկկո եւ Գոթական ոճի շինությունների: Կրակովի խորհրդանիշներից են Սուրբ Ստանիսլավի եւ Վացլավի, ինչպես նաեւ Բաբելոնյան ամրոցները, իսկ ընդհանրապես այստեղ շուրջ 130 եկեղեցի կա, որոնցից 60-ը՝ միայն Հին քաղաքում: Կրակովը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 2000թ. այն հայտարարվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Մեր տպավորությամբ՝ Կրակովում մարդիկ ավելի բարեհամբույր են, ավելի շատ են ժպտում: Հին քաղաքի տարածքում շրջում են զարդարուն կառքեր, որոնք զբոսաշրջիկներին էքսկուրսիա են առաջարկում հնամյա քաղաքի նեղլիկ փողոցներում:

Lehastan_9 Lehastan_8 Lehastan_6 Lehastan_5 Lehastan_4
Lehastan_1

Ըստ Լեհաստանում Հայաստանի դեսպանության տվյալների, Լեհաստանում գործում է 5 հայկական կիրակնօրյա դպրոց: Վարշավայում գործում է հայ լեհական կրթական կենտրոնը, Կրակովում` հայ մշակութային ընկերությանը կից հայկական դպրոցը, Լոձում` հայերի միությանը կից հայկական դպրոցը, Գդանսկում` հայ համայնքային միությանը կից դպրոցը եւ Վրոցլավում` լեհահայության մշակութային ընկերությանը կից հայոց լեզվի դասընթացները: Լեհահայ համայնքը աշխարհին տվել է ականավոր բժիշկներ, գիտնականներ. արվեստագետներ: Նրանցից մեկն էլ ճանաչված գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչն է, որի արվեստը մեծ դերակատարություն ունի լեհական գեղանկարչության պատմության մեջ: Ի դեպ, 1895թ. Կրակովի գեղարվեստի ինստիտուտը հենց հայազգի նկարչին է հրավիրել վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, Աքսենտովիչը ընտրվել է ռեկտոր։

Բնականաբար, յուրաքանչյուր երկրի վերաբերյալ տպավորությունը թերի կլինի՝ առանց այդ ժողովրդի ազգային խոհանոցի: Լեհերը հարուստ ազգային խոհանոց ունեն եւ կարողանում են այդ ամենը հավուր պատշաճի ներկայացնել զբոսաշրջիկներին: Նախընտրում են տապակած ուտեստները, համեմունքներ կարծես շատ չեն օգտագործում, իսկ քաղցրավենիքն ու շոկոլադեղենն ուղղակի անմահական են: Ինձ անակնկալի բերեց նրանց տավարի մսով գուլյաշ-ապուրներից մեկը, պարզվեց՝ տավարի միսը հայկական ավանդական խաշի բաղադրիչներից է՝ ընդամենը տավարի փոր: Մտքովս չէր անցնում, որ այն կարող է օգտագործվել ապուրում՝ գազարի ու կանաչ պղպեղի համադրությամբ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարշավա-Կրակով-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի:

 

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031