Երեւանյան մշակութային օջախներում ավարտվեցին տոնածառային միջոցառումները: Հակված չենք ասել, թե կայացած միջոցառումների մասով փոքրիկ հանդիսականի համար երեւանյան ամանորը շքեղ անցավ: Թեեւ չենք կարող ասել, որ ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ: «Առավոտի» փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ որոշ մշակութային գործիչներ եւ ծնողներ տոնածառային միջոցառումներն աղքատիկ եւ նույնիսկ խեղճուկրակ են որակում: Ամեն դեպքում, 1-2 լավ ներկայացումներ եղան: Հարցախույզի մասնակիցները նշեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 26, 27 եւ հունվարի 9, 10-ին կայացած «Սուպեր Մաշա» ներկայացումը (հեղինակ՝ Արմեն Ցուլիկյան) եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ձախորդ Փանոսի նոր արկածները», որը խաղացվեց դեկտեմբերի 25-ից հունվարի 10-ը: Մեր զրուցակիցները, իհարկե, ցանկություն հայտնեցին, որ ռուսական հայտնի անիմացիոն ֆիլմի հերոս Մաշայի փոխարեն ընտրվեր հայկական հեքիաթներից որեւէ հերոս: Նշենք, որ առաջին անգամ «Սուպեր Մաշա» ներկայացման ընթացքում երեխաները ականատես եղան լուսապատկերային էֆեկտների: Իսկ ինչ վերաբերում է երաժշտական կոմեդիայի թատրոնի «Ձախորդ Փանոսի նոր արկածները» ներկայացմանը, մի առանձնահատկություն կուզեինք շեշտել՝ առաջին անգամ վաստակաշատ դերասանները եւս ներգրավված էին տոնածառային ներկայացման մեջ: Պիեսի հեղինակ Գեւորգ Սարգսյանն այս դեպքում ընդամենը «գողացել» էր թումանյանական Ձախորդ Փանոսին՝ գրելով բոլորովին նոր սցենար: Ռեժիսորն էր Անուշ Սարգսյանը, ներկայացման համար հատուկ երաժշտություն էր գրվել (հեղինակ՝ Նարեկ Ներսիսյան), նկարիչն էլ Մարիամ Մուրադյանն էր: Գլխավոր դերերում հանդես եկան ճանաչված դերասաններ Սաթիկ Հախնազարյանը, Նարինե Ալեքսանյանը, Հովակ Գալոյանը, Վարուժան Մանուկյանը, Արթուր Հակոբյանը եւ Սերգեյ Ոսկանյանը:
«Առավոտի» հետ զրույցում կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ ներկայացումը դիտել է ավելի քան 35 հազար հանդիսատես: Հարցին, թե ինչո՞ւ այս տարի տոնածառային ներկայացման համար ընտրվեցին ճանաչված արտիստներ, մինչդեռ անցյալ Ամանորին ռեժիսոր Կարապետ Բալյանի բեմադրած Պանչո Պանչեւի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» տոնածառային ներկայացմանը մասնակցում էին ոչ հայտնի անուններ: «Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մեծ տեղ է տալիս երիտասարդներին, հետեւաբար՝ «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» բեմադրությանը հրավիրված էին միայն երիտասարդ արտիստներ: Պետք է նշեմ, որ այս տարի թատրոնի առաջատար դերասանները սիրով մասնակցեցին տոնածառային ներկայացումներին»,- ասաց պարոն Շահբազյանը:
Մեր զրուցակիցներից ռեժիսոր Լեւոն Իվանյանից խնդրեցինք պարզաբանել, թե ինչու խորհրդային տարիներին հայտնի ու սիրված դերասանները չէին մասնակցում տոնածառային ներկայացումներին: Պարոն Իվանյանը նախ նշեց, թե այդ տարիներին հիմնականում միջոցառումները լինում էին հանդեսների տեսքով, հետո մանրամասնեց. «Խորհրդաիյն տարիներին առանձնապես խորհուրդ չէր տրվում հայտնի արտիստներին մասնակցել տոնածառներին երկու նկատառումով՝ նախ, որ դրանք համարվում էին «ձեռքի հետ արված» ներկայացումներ, երկրորդ՝ «տոնածառերը» դիտվում էին որպես փող աշխատելու միջոց, իբր վայել չէր բարձրակարգ արտիստին ներգրավել տվյալ ներկայացման մեջ»: Հետո էլ հավելեց. «Ինչ խոսք, Տիկնիկային եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները տոնածառային միջոցառումների առումով բոլոր ժամանակներում պատշաճ կատարել են իրենց աշխատանքը: Պատանի հանդիսատեսի թատրոնում այն տարիներին ամանորյա ներկայացումներին մասնակցում էին իսկապես բարձրակարգ դերասաններ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Պարույր Սանթրոսյանը, Պերճ Գեւորգյանը, Արշավիր Ղազարյանը, Մանյա Ղազարյանը, վաստակավոր արտիստներ Գեւորգ Ստամբոլցյանը, Վալյա Խաչատրյանը, Լենա Դավթյանը եւ այլն: Իսկ, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնի կորիֆեյներին՝ Մետաքսյա Սիմոնյանին, Վարդուհի Վարդերեսյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Ավետ Ավետիսյանին, Հրաչյա Ներսիսյանին եւ մյուս սիրված արտիստներին խորհուրդ չէր տրվում կամ պարզապես չէր թույլատրվում մասնակցել տոնածառային ներկայացումներին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Դրվագ «Ձախորդ Փանոսի նոր արկածները» ներկայացումից:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
15.01.2016