Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը զգա՞ց ռուսական ռազմական լծակի վտանգը

Հունվար 16,2016 12:00

ՌԴ-ի հետ «ռազմավարական» հարաբերություններն առավելապես վտանգ են ներկայացնում, քան խոստանում անվտանգության ապահովում ՀՀ-ի ու ԼՂ-ի համար

Օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու ուշագրավ գնահատականներ հնչեցրել: Նա նկատել է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները ցանկանում են ունենալ ոչ թե ձեւական, այլ ազդեցիկ կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով: Շ. Քոչարյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Այնուհետեւ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը` Շավարշ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե այն բացասաբար է անդրադառնում Հայաստանի վրա:

Պաշտոնական Երեւանն, այսպիսով, արձանագրում է ստեղծված այն վտանգավոր մթնոլորտը, որում հայտնվել է մեր պետությունը: Ոչ դիվանագիտական բառապաշարով ձեւակերպելով՝ կարելի է փաստել, որ Ռուսաստանի հետ «ռազմավարական» հարաբերություններն այս փուլում առավելապես վտանգ են ներկայացնում մի քանի դաշտում, քան ապահովում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
Հայաստանում Ռուսաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում ավարտվել են 2015 թվականի վերջին ստացված 13 ուղղաթիռների հավաքման աշխատանքները: Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկու ուղղաթիռներից բաղկացած օղակի առաջին թռիչքը անձնակազմերն իրականացրել են բարձրլեռնային պայմաններում ցածր ջերմաստիճանային ռեժիմներում անցած տարվա վերջին: Մյուս ուղղաթիռների փորձնական թռիչքները նախատեսված են փետրվարին՝ սահմանային ցածր 100-ից մինչեւ առավելագույն 3500 մետր բարձրությունների վրա: Փորձարկումներից հետո Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռների անձնակազմերը կանցնեն մարտական պատրաստության ծրագրով նախատեսված վարժությունների կատարմանը լեռնային տարածքում ցերեկային եւ գիշերային ժամերին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս տարվա ընթացքում Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան համալրվելու է մարտական նոր ինքնաթիռներով: Դեկտեմբերին Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվեց տասնյակ նոր մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներով, այս տարվա սկզբին էլ Ռուսաստանը հայտարարեց, որ 2016-ի երկրորդ կեսին ռազմակայանում ՄիԳ-29 արդիական կործանիչների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ եւս մեկ տրանսպորտային ուղղաթիռ է տեղակայելու:
Ռազմական փորձագետները համոզված են, որ ուղղաթիռներն առաջին քայլն են, կլինի եւ հակաօդային պաշտպանության նոր համակարգ, եւ որ Ռուսաստանը Հայաստան կբերի նաեւ «Իսկանդեր»-ներ՝ օրերս նման կարծիք էր հայտնել մասնավորապես ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը:

Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվել է «Տախիոն» տեսակի նոր անօդաչու թռչող սարքերով՝ հաղորդեց Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։ Զինվորները անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար մեկ ամիս վարժանքներ կանցնեն «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում։

Իսկ դեկտեմբերի վերջին Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը Մոսկվայում ստորագրեցին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այդ օրը Օհանյանը եւ Շոյգուն ստորագրել էին նաեւ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ համագործակցության 2016-ի ծրագիրը: Ավելի վաղ՝ նոյեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր Հայաստանի հետ ստորագրել ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Այսպես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակ հայտարարում է, որ ուժեղացնում է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված իր ավիացիոն խումբը:

Մյուս կողմից՝ Ռուսաստանն Ադրբեջանին շարունակում է զինտեխնիկայի մատակարարումը: Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ «ԲՄՊ-3» մարտական զրահապատ մեքենաների մատակարարումն Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի: 2010 թվականին Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զենքերի եւ տեխնիկայի մեծ քանակի մատակարարման մասին: «Ռոսօբորոնէքսպորտ»-ից տեղեկացրել էին, որ մատակարարումը ծրագրվում է ավարտել 2017 թվականին: ԶԼՄ-ների տվյալներով՝ բացի «ԲՄՊ-3»-ից, Ռուսաստանն Ադրբեջանին պետք է մատակարարեր «T-90C» տեսակի տանկ, ինքնագնաց հրետանային համակարգ, հրթիռային կայաններ եւ այլն: Տանկերի հետ միասին Ադրբեջանը պետք է ստանա վերանորոգման եւ ինժեներական մեքենաներ: Այս փաթեթի արժեքը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ դոլար:

Որքան կտեւի Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Հազիվ թե Ռուսաստանը ռազմական առճակատման դուրս գա Թուրքիայի հետ` այդ երկրի տարածքում, բայց Թուրքիայի սահմաններից դուրս ընդդեմ Թուրքիայի գործողությունները Ռուսաստանի կողմից չի կարելի բացառել: Ու այստեղ հարց է ծագում` ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով…

Հարավային Կովկասում հնարավոր սպառնալիքների աստիճանը, ինչպես երեւում է, սկսել են հստակ գնահատել ու արդեն իսկ արձագանքել Վաշինգտոնից: Ռուսաստանի կողմից հնարավոր անկանխատեսելի քայլերին հակազդելը, կարծես, օրակարգային հարց է դառնում:

Վերջերս ուշագրավ հայտարարություն հնչեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի կողմից, որը կոչ արեց լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա եւ բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ հոդվածն իրականացնելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններում: Բավական ուշագրավ էր նրա պարզաբանումն այս առիթով. «Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները՝ սկսած 2008-ից՝ Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում, իսկ այժմ՝ նաեւ Սիրիայում, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը Ռուսաստանին կոչում է ռեւանշիստական, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառմանը, որպես ազգային հզորության գործիքի՝ իր նպատակներին հասնելու համար»: Այնուհետեւ Բրիդլավը նկատել էր, թե չի կարող ասել, թե ինչ է մտադիր անել ՌԴ նախագահ Պուտինն իր արդիականացված եւ վերապատրաստված զինված ուժերով. «Շատերը հարցնում են ինձ. «Ինչի՞ մասին է մտածում Պուտինը»: Կամ՝ «Ինչպե՞ս եք կարծում, ինչի՞ մասին է նա մտածում»: Ես վստահ չե՛մ, որ գիտեմ, թե ինչի մասին է նա մտածում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է նա անո՛ւմ, եւ դրանից էլ հետեւություն եմ անում, թե մե՛նք ինչի մասին պետք է մտածենք»,- հայտնել էր «Ամերիկայի Ձայնը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիշատակումը Ռուսաստանի ռեւանշիստական ձգտումների համատեքստում, թերեւս, առաջին արձագանքն է Վաշինգտոնից նման բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները մյուս համանախագահող Ռուսաստանին պարզապես չի վստահում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես խաղաղության հաստատման միջնորդի:

Ղարաբաղյան հիմնախնդիրն, այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Միացյալ Նահանգներ տիրույթում կարող է նոր «խաղաքարտ» դառնալ: Ադրբեջանի կողմից շփման գիծը լարված պահելը եւ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու շարունակական քաղաքականությունը լրացուցիչ լծակներ են ընձեռում Ռուսաստանին Հարավային Կովկասում կրկին ինքնադրսեւորվելու եւ Հարավային Կովկասի պետությունների վրա ազդեցությունն էլ ավելի պահպանելու հարցում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031