Յուրաքանչյուր կին ձգտում է պահպանել առողջությունը, գեղեցկությունը, երիտասարդությունը, դեմքի թարմությունը, հարթ մաշկն ու աչքերի փայլը։ Հնարավոր է, եթե ամեն օր հիգիենիկ գործողության հետ ընդունվի նաեւ կետային մերսում։ Ամեն օր նպատակադրված հպվելով նշված կետերին, որի ժամանակ պետք է դեմքը առանց շպարի լինի։ Եթե մաշկը էլաստիկ չէ, չոր է, թեփոտված` մի՛ շտապեք շպարվել, այն հավասար չի պատի դեմքը։ Հին արեւելյան բժշկությունը տիրապետում էր երիտասարդության շատ գաղտնիքների։ Հայտնի էր, օրինակ, որ հարթ եւ գեղեցիկ մաշկի ոխերիմ թշնամիներն են վատ մարսողությունը, փորկապությունը, աղիներում կուտակված գազերը, ներքին օրգանների մի շարք հիվանդություններ։ Վերջին պատճառը կարելի է վերացնել միայն բժշկի դիմելով։ Մյուս դեպքերում արդյունավետ է կետային մերսումը։ Կետերի վրա ազդելը անց է կացվում հանգստացնող գործադրաձեւով` տրորելով ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Յուրաքանչյուր կետ մերսել 2-5 րոպե` մատնաթմբիկով։
1-ին կետը պարանոցի վրա է, կրծքա-անրակային, պտկաձեւ մկանի առաջնային մասում, ադամախնձորի վերին մասի բարձրությամբ։ Կետը հավասարաչափ է, մերսումն արվում է երկու կողմից միաժամանակ, նստած դիրքով։
2-րդ կետը դեմքի վրա է, հոնքերի եւ արտեւանունքների միջեւ։ Կետը համաչափ է։ Մերսումը հարկավոր է կատարել միաժամանակ երկու կողմից, նստած, աչքերը փակ։
3-րդ կետը դեմքի վրա է, աչքի արտաքին անկյունից 5 մմ դեպի ոսկրախորշը։ Կետը համաչափ է։ Մերսել այն հարկավոր է այնպես, ինչպես 2-րդ կետը։
4-րդ կետը ճակատի վրա է, հոնքի ներսի մասից վերեւ: Կետը համաչափ է, որը պետք է մերսել 2-րդ կետի նման։
5-րդ կետը դեմքի վրա է, աչքի ներքեւի անկյունից 2-3 մմ դեպի քիթը։ Համաչափ կետ է։ Մերսել 2-րդ կետի նման։
6-րդ կետը բիբի տակ է, ակնակապիճի ներսի ծայրից 10-12 մմ ցած։ Կետը համաչափ է։ Պետք է մերսել 2-րդ կետի նման, ընդ որում՝ մերսումը պետք է անել աչքերը փակ։
7-րդ կետը ճակատի վրա է, բիբից վերեւ, մատնաթմբիկով մերսել հոնքերի մեջտեղից դեպի վերեւ։ Մերսվում է 2-րդ կետի նման։
8-րդ կետը դեմքի վրա է, բերանի անկյունից 10 մմ հեռու։ Կետը համաչափ է։ Պետք է մերսել միաժամանակ աջից եւ ձախից, նստած կամ պառկած, աչքերը փակ, բերանը փոքր-ինչ բաց։
9-րդ կետը դեմքի վրա է, կզակի եւ շուրթի միջեւ ընկած ակոսիկի կենտրոնում։ Կետը անհամաչափ է։ Հարկավոր է մերսել 8-րդ կետի նման։
10-րդ կետը դեմքի վրա է, այտոսկրի կամարի տակի փոսիկում, ականջի եւ հոնքի վերին մասերում: Կետը համաչափ է: Հարկավոր է այն մերսել միաժամանակ աջից եւ ձախից, նստած կամ պառկած դրությամբ, փակ աչքերով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2016