Ասում են, որ բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են։ Իմաստուն էին մեր այն նախնիները, որոնք ձեռքին ունեին «թզբեհ» խաղալիքը։ Ժամանակակից գիտական լեզվով դա կոչվում է հոգեթերապիա։ Մատների մեջ ինչ-որ բան խաղացնելով՝ մարդը չի կենտրոնանում բացասական հույզերի վրա։ Դա օգնում է նաեւ հոդերին։
Համաձայն գիտնականների հետազոտությունների` բարձրաձայն ռիթմիկ երաժշտությունը վտանգավոր է առողջության համար։ Դա վերաբերում է հատկապես այնպիսի ոճերին, ինչպիսիք են` հեվի-մետալն ու հարդ ռոքը։
Հոգեկան խռովքի, անքնության դեպքում առանձնացեք եւ մոմ վառեք (ցանկալի է` եկեղեցական մոմ)։ Մոմի թրթռացող բոցը հանգստացնելու հատկություն ունի, իսկ նրա հալվելուն զուգընթաց` աստիճանաբար կխաղաղվեք։
Կես լիտր ջրի մեջ լցնել մեկական ճաշի գդալ վարսակի եւ աշորայի (տարեկան) սերմերը։
Եփել այնքան ժամանակ, մինչեւ սերմերը սկսեն պայթել։ Միանգամից քամել։ Խմել անքնության դեպքում, ջրի փոխարեն` օրվա ընթացքում։
Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նեւրոզների եւ անքնության ժամանակ, գայլուկի կոները լցնում են բարձի մեջ եւ քնում վրան։
Հանգստացնող եւ քնեցնող ազդեցություն է թողնում նաեւ հին հնդկական բժշկական արվեստի մեթոդով արված մարմնի մերսումը։ Այդ նպատակով 3-4 ճաշի գդալ քունջութի յուղը տաքացնել ջրային բաղնիքում եւ տասը րոպե նրբորեն մերսել ողջ մարմինը՝ առանձնապես ջանք չգործադրելով։ Մերսումից հետո տաք ցնցուղ ընդունել։
Գրգռված նյարդերը հանգստացնելու համար լավ օգնում է ալոճի, մորու, խնկենու տերեւների, առյուծագիի, մասուրի, նարնջի կեղեւի, վաղենակի ծաղիկների խառնուրդով պատրաստված թեյը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2016