«Հովհաննես Հարությունյանի նկատմամբ բռնությունը կարելի է դասել այլ քաղաքական գործիչների բռնությունների շարքին. մարդկանց ահաբեկել, որպեսզի նրանք ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում չունենան»,- Aravot.am-ի զրույցում ասաց Հելսիկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության, հունվարի 12-ի ուշ գիշերին Երեւանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության հարակից տարածքում 16-ամյա Հովհաննես Հարությունյանին են մոտեցել երկու տղամարդ եւ ծեծել: Այսօր մեզ հետ զրույցում Հովհաննես Հարությունյանն ասել էր, որ կասկածում է, որ ծեծի հրահանգը իշխանությունների կողմից է եղել՝ իր քաղաքական հայացքների համար:
«Եթե իշխանության հովանավորչությունը չունենան, այդ, մարդիկ բռնության չեն դիմի: Ես կարող եմ բավականին վստահ ասել, որ եթե չլիներ նրանց նկատմամբ այդ հովանավորչությունը, ապա անցած տարվանից սկսած այդ բռնությունների գոնե հիսուն տոկոսը Հայաստանի ոստիկանությունը կբացահայտեր: Սկսած Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված բռնությունից, Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կիրառված բռնությունից եւ այլն: Բայց եթե ոչ ոք չի պարզում, ուրեմն մենք կարող ենք երկու ենթադրություն անել. Ես բարձր չեմ գնահատում մեր ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, բայց չեմ համարում այդքան ցածր է: Եւ գալիս է հետեւությունը, որ դա կամ իշխանության ցուցումով է եղել, կամ ցուցում ունեն նրանց չբռնել»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը կարծում է, որ իրավիճակը փոխել կարող է միայն հասարակությունը:
Կարդացեք նաև
«Հասարակության խնդիր է. երբ Հունաստանում ցույցերի ժամանակ մի երիտասարդ զոհվեց, ինչ բողոքի մեծ ալիք բարձրացավ Հունաստանում: Բայց Հայաստանում, անկախ քաղաքական հայացքներից, ամբողջ հասարակությանը բռնությունը պետք է վրդովեցներ, այդ թվում՝ իշխանական կուսակցությունների երիտասարդական թեւերին, գոնե պետք է ընդվզեին: Բայց, կարծես թե, մեր հասարակությունն անտարբեր է»,- ասում է պարոն Իշխանյանը:
Մեր հարցին՝ արդյոք իշխանության համար կարող է 16-ամյա պատանին վտանգ համարվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբեմն նաեւ իշխանությունն ամեն տեղից վտանգ է տեսնում: Ես էլ ձեզ եմ հարց տալիս՝ արդյո՞ք իշխանության համար վտանգավոր էին Շանթը եւ ընկերները, Հայկ Կյուրեղյանը: Եթե անգամ նրանք ինչ-որ հանցանք էին կատարել,ապա այն պատժաչափը, որ նրանց տվեցին, խստագույն պատիժ էր ավելի շատ մյուսների համար, քան նրանց, օրինակ էր մյուս երիտասարդների համար, որ վախենան, քաղաքականությամբ չզբաղվեն»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ