«ՉԻ»-ի տեղեկություններով, թիվ 2/32 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար մեղադրվող ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը ԲՀԿ-ական է:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ավելի վաղ հայտարարել էր, թե ԲՀԿ-ականները կեղծիքներին չեն մասնակցել:
ԲՀԿ մամուլի խոսնակը Aravot.am-ին ասաց, որ տեղյակ չէ մեղադրյալի՝ ԲՀԿ-ական լինելու մասին. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթե փաստեր կան, թող դիմեն իրավապահներին: Ինձ համար որեւէ տարբերություն չկա, թե կեղծիք անողը որ կուսակցության անդամ է եւ ցանկություն չունեմ պաշտպանել կեղծիք կատարած անձին»:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հունվարի 14-ին մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։
Ահազանգի հիման վրա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանը, Հ. Դեմիրճյանը և Թ. Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ