«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների դեմ բողոքելով:
Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, նախօրեին Գեւորգին առանձին խցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ ակտիվիստի նկատմամբ ճնշումներ են եղել: Գեւորգը հացադուլ է սկսել, տեղափոխվել հացադուլավորների խուց, որտեղ նույնպես ճնշումներ են եղել նրա նկատմամբ. «Հացադուլավորների խցում եւս հինգ-վեց տարբեր քրեածին տարրեր են եղել, որոնք նույնպես հացադուլ էին անում ու հինգ րոպեում կոնֆլիկտ է առաջացել Գեւորգի ու քրեածին տարրերի միջեւ, միջամտել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Քրեածին տարրերը Գեւորգին բաց տեքստով ասել են, թե քրեական հեղինակությունների կողմից զանգ են ստացել, տեղեկացել իր մասին, որ չպետք է թույլ տան, որ ինքն այդտեղ մնա իրենց հետ նույն խցում: Գեւորգին տեղափոխել են առանձին պատժախուց: Գեւորգը շարունակում է հացադուլն առանձին խցում»:
Փաստաբանն ասաց, որ ակտիվիստն առողջական խնդիրներ չունի: Նրա խոսքով, Գեւորգը շարունակելու է հացադուլն ի նշան բողոքի իր նկատմամբ ճնշումների. «Գեւորգն այն կարծիքին է, որ իրեն կալանավորելու նպատակը քրեածին տարրերի միջոցով իրեն քաղաքականությունից հեռացնելն է ու իր բերանը փակելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ