Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի նախկին պաշտոնյայի որդու կողմից մարդ առեւանգելու գործը ուղարկվեց ՀՔԾ

Հունվար 15,2016 20:35

Ինչպես տեղեկացրել էինք, դեռեւս անցած տարվա ապրիլին մարդ առևանգելու կասկածանքով ձերբակալել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին: Նրա դեմ ոստիկանություն բողոք էր ներկայացրել առևանգվածը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գ.-ն, որը պարզվում է Գյումրի քաղաքի մուտքի մոտ գտնվող ու Սարգսյանների ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից է:

Պատմությունը սկսվել է նրանց, որ Էդգար Գ.-ն հրաժարվել է աշխատել գազալցակայանում, թողել ու հեռացել է, Արտաշես Սարգսյանի որդին էլ, իր ընկերների հետ հասնելով Սպիտակ, գտել է նրան, ծեծել, առևանգել ու փորձել է բերել Գյումրի գազալցակայանին եղած պարտքը ստանալու նպատակով: Հարուցվել է քրեական գործ, որը սկզբում քննվել է Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում, այնուհետ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Շուրջ 10 ամիս տեւած նախաքննությունից հետո քրեական այս գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Լոռիում օբյեկտիվ քննություն չի արվել: ՀՔԾ-ն այսօր իր պաշտոնական կայքում «Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն պահելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն» վերնագրի տակ զետեղել է հետեւյալ տեղեկատվությունը. «2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:

Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը` ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն և Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առևանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի` Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հետագայում քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:

Շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռուդիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը, իսկ Լոռու մարզի դատարանը գրավով ազատ է արձակել նրան:

Հետաքրքիրն այն է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանը  պաշտոնազրկեց Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Վարդանյանին՝ «Պանել Աշոտին», այնուհետ Մուշ» բաժնի ոստիկանապետ Հրաչ Սահակյանին, ըստ մեր տեղեկությունների, պատճառը եղել է Ռուդիկ Սարգսյանի հետ որոշակի կապեր ունենալը: Ապրիլի 16-ին ոստիկանության օրը նշելու պատրաստվող պաշտոնյաները ակնկալել են, որ տոնական օրվա ծախսերը որոշ չափով կհոգա Ռուդիկ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանն էլ, լսելով այս մասին, պաշտոնանկ է արել նրանց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031