Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված Ավետիսյանների հարազատները վաղը դուրս կգան փողոց՝ բողոքի, ու կբոյկոտեն դատական նիստերը

Հունվար 15,2016 16:56

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները հենց նոր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ իրենք բոյկոտելու են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայում անցկացվող դատականի նիստերը:

Հենց վաղը իրենց ազգականներով, բարեկամներով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով դատական նիստերը տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի անմիջական մասնակցությունը դատական նիստերին:

«Առաջին դատավարությանը խնդրեցինք, ասեցինք, բազմիցս խոսվեց, հնար չկա, այսինքն` մեզ արհամարհում են, իրենք իրենց գործն անելու են այսպես, թե այնպես: Վաղը դուրս կգանք ցույցի, վստահ եմ, որ ժողովուրդը կկկանգնի մեր կողքին, մենակ չենք լինի մենք: Պահանջում ենք արդար դատավարություն, գտնեն մեղավորին, արժանի պատիժ տան ու դա չլինի բազայի տարածքում, այլ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի դատարանում»,- ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Aravot.am-ի հարցին՝ եթե վաղը որեւէ մեկը չարձագանքի ձեր բողոքին, չե՞ք մասնակցելու ամսի 18-ին ռազմաբազայում նշանակված դատավարությանը, տիկին Ռիտան ասաց. «Միգուցե գնանք, բայց ներս չենք մտնի: Պահանջում ենք, որ գլխավոր դատախազը ներկա գտնվի: 7 անմեղ մարդու խփեցին, սպանեցին, տարան լցրեցին գերեզմանները ու հանգիստ խղճով նստած են: Սա էն դեպքն է, որ գլխավոր դատախազը չգա՞, մտքերով չի անցնում, որ պարտավոր են գան ու դատավարությանը մասնակցեն: Առաջինը ինքը պիտի ներկայացնի այս դեպքի մանրամասները, որովհետեւ սա էն գործը չէր, որ այսպես տնկթաղ անեին ու չգիտեմ էսպես նստեն…»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանն Aravot.am-ին հայտնեց, որ դատական արտագնա նիստի վայրը չի փոխվի, դատարանի որոշմամբ արդեն կա նշանակված օր, ժամ, վայր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031