«Առավոտյան ոստիկանությունը եկավ, ես իրենց հետ գնացի բաժին, փորձում են իմանալ՝ ովքեր են ծեծողները եղել, ինչ հանգամանքներում է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 16-ամյա Հովհաննես Հարությունյանը, որին, ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության, հունվարի 12-ի ուշ գիշերին Երեւանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության հարակից տարածքում մոտեցել են երկու տղամարդ եւ ծեծել:
Հովհաննեսը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում նրան հարցաքննել են եւ ուղարկել հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության: Մեզ հետ զրույցի ժամանակ էլ նա դեռ հիվանդանոցում էր, ասաց, որ ռենտգեն են նշանակել:
«Հիմա ոստիկանությունն է այդ գործով զբաղվում, ես նրանց դիմումը չեմ մերժել: Ճիշտն ասած՝ այսօր ոստիկանությունից ինչ-որ մեկը փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել ինձ վրա, ուզում էին՝ ասեի, որ ես ուրիշ անձնական խնդիրների պատճառով եմ ծեծվել: Ինձնից անուններ են ուզում ստանալ, թե ովքեր կարող էին այդ հանցագործությունը անել: Բայց դե ես մարդկանց անուն չգիտեմ, իսկ ոստիկանն ուզում էր ինձնից մարդու անուն լսել: Ես էլ ասացի, որ ես կխոսեմ միայն իմ իրավաբանի ներկայությամբ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ միջադեպը անձնական խնդրի պատճառով չի եղել: Այսօրվա իշխանություններին եմ կասկածում»,- նշեց նա:
Ըստ նրա՝ եթե հիմա էլ տեսնի իրեն ծեծող տղամարդկանց, կճանաչի:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ նա իրեն «Նոր Հայաստանի»-ի անդա՞մ, թե՞ համակիր է համարում, պատասխանեց. «Ես ինձ ոչ համակիր եմ համարում, ոչ էլ անդամ, ես ինձ համարում եմ որպես պահանջատեր քաղաքացի»:
Իսկ թե միջադեպը ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա վրա, պատասխանեց. «Այնքանով է ազդել ինձ վրա, որ ես ավելի համարձակ եմ լինելու, ավելի մեծ ջանքերով եմ առաջ գնալու»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է: Մեր հայրենակիցներին նա հայտնի է երկուսուկես տարի առաջ երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած հաղորդումից: Նա նաև ներկա է եղել Բերձորյան բռնարարքի ժամանակ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ