«Ճգնաժամն Ադրբեջանում չափազանց լուրջ եւ խորն է, եւ երկար կտեւի»,- հունվարի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ սկսած 1990-ական թվականների Ադրբեջանում նման գործընթաց տեղի չէր ունեցել: Ըստ նրա, Ադրբեջանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները անդրադառնում են նաեւ քաղաքական գործընթացների վրա. «Սա շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է, որը շուտ չի ավարտվի, այն տարիներ կտեւի: Ես տնտեսագետ չեմ, ինձ համար դժվար կլինի ասել, թե նավթի գնի դինամիկան ինչպիսին կլինի, բայց կարող եմ ասել, որ այն կապված չէ այսօրվա իրավիճակային փոփոխությունների հետ: Այն կապված է համաշխարհային գործընթացների հետ՝ Չինաստանի եւ նրա տնտեսության եւ շատ փոփոխությունների հետ, առջեւում՝ Իրանն է»:
Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է, որ Ադրբեջանը անհասկանալի կերպով էր վարում իր տնտեսությունը, տնտեսական բարեփոխում տեղի չէր ունեցել. «Ադրբեջանում տնտեսության փլուզում է տեղի ունենում: Այդ փլուզման հետ մեկտեղ տեղի է ունենում կառավարման անպատասխանատվություն»:
Քաղաքագետը նկատեց, որ բոլոր տնտեսագետները այդ մասին զգուշացնում էին. «Եթե ես գիտեի, ինչո՞ւ Իլհամ Ալիեւը այդ մասին չգիտեր: Բայց նրանք իրենց այնպես են պահում, կարծես թե այդ խնդրի հետ նորից են բախվում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ