Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Զավեն Միրիջանյանի՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձելու գործով դատական նիստին Միրիջանյանի պաշտպանը կարդաց իր պաշտպանական ճառը:
Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:
Զավեն Միրիջանյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը դատավորին հորդորեց, որ որպես պատիժ ամբաստանյալին տուգանք նշանակի, քանի որ նա ընտանիքի միակ կերակրողն է, խիստ վատառողջ է, ունի վահանաձեւ գեղձի հանգուցավոր ուռուցք, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ. «Ձերբակալման ժամանակից սկսած առողջական վիճակը սրվել է: Մի քանի անգամ գրանցվել է բուժօգնության դիմելու կանչ, գտնվում է բժիշկների ամենօրյա հսկողության տակ: Խնամքին կա երեք երեխա, որից մեկն անչափահաս է, երկու երեխաներն ունեն լուրջ առողջական խնդիրներ, Արեգ Միրիջանյանը մեկ աչքից կույր է, տեսողության խնդիրներ ունի, կինը տառապում է երկու կրծքագեղձերի մաստոպատիա հիվանդությամբ: Զավեն Միրիջանյանն ու իր ընտանիքի անդամներն ունեն լուրջ դեղորայքային ընդունման կարիք, եւ այդ ընթացքում միակ խնամակալին պահելով մեկուսարանում՝ նրա ընտանիքը հայտնվել է մեղմ ասած անելանելի վիճակում»:
Ըստ պաշտպանի ճառի, պատիժը ծանրացնող հանգամանքներ գոյություն չունեն, բայց նրան մեղադրանք է առաջադրվել ՔրՕրի 148 հոդվածով, որը համարվում է միջին ծանրության հանցագործություն. «Կարեւորը կատարածի հետեւանքները հասկանալն ու զղջալը, կատարածից հետեւություններ անելն է: Զավեն Միրիջանյանը գիտակցել, զղջացել եւ համապատասխան ճիշտ հետեւություններ արդեն իսկ արել է»:
Կարդացեք նաև
Զավեն Միրիջանյանն իր պաշտպանական ճառում միայն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է մեղմ պատիժ կիրառել:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, քիչ հետ կհրապարակվի վճիռը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ