«Այս ձերբակալություններում որևէ քաղաքական երանգ չեմ տեսնում»,-Aravot.am-ի հարցին` ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին ձերբակալություններում քաղաքական երանգ տեսնո՞ւմ է, այսպես պատասխանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Պարոն Մինասյանի կարծիքով` մեր երկրում, որտեղ հոկտեմբերի 27 է եղել և հասարակական դժգոհություն կա, նման գործողությունները բացառված չեն: Այս առիթով քաղաքագետը մանրամասնեց. «Յուրաքանչյուր ոք փողոցում Նաիրի Հունանյանի պես բաներ կարող է խոսել իշխանությունների կամ երկրի մասին, ուստի այն, որ նման բաներ կկարողանան ձևակերպել ուժերը, որ ուզենան մի բան փոխել, տրամաբանական է: Եթե սեֆիլյաններն ասում են համարյա նույն բանը, ինչի համար մեղադրվում են այն մարդիկ, որոնք ձերբակալվել են, ինչո՞ւ պիտի զարմանանք , որ դա կարող է իրականություն չլինել, այլ մտածել, որ քաղաքական ավելի երկար գնացող օպերացիա է»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը`անհնազանդության մասին կոչերը Ժիրայր Սեֆիլյանի համախոհները պատճառաբանում են այն հանգամանքով, որ իշխանությունները երկրում այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդիկ ստիպված են այդ քայլին դիմել, պարոն Մինասյանը չի արդարացնում. «Կապ չունի. մարդիկ ուժով ուզում են այս երկրում ինչ-որ բան փոխել: Եթե Դուք կարծում եք, որ դա լեգիտիմ պահանջ է, դա այլ հարց է, բայց մարդիկ մեղադրվում են նրա համար, որ փորձել են ուժով հեղափոխություն անել, որը հակասահմանադրական է: Ինչպես էլ վերաբերվենք իշխանություններին, դա Սահմանադրությանը հակառակ գործընթաց է: Դա պետք է դատարանի գործունեության արդյունքում որոշվի: Ուզում եմ ասել, որ եթե երկրում նման մթնոլորտ կա, ուշ թե շուտ ինչ որ մեկը կմտածի, որ ժամանակն է ուժով փրկել այս երկիրը, առավել ևս ունենք հոկտեմբերի 27-ի օրինակը»:
Մեր հստակեցմանը` հետևաբար չի՞բացառվում, որ այս մթնոլորտի պահպանման դեպքում կրկնվի հոկտեմբերի 27-ը, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ ասում` կրկնվի, բայց հասարակական մոտեցումները այդպիսին են, ռադիկալիզացիան այնպիսին է, որ մարդիկ մտածում են, թե կարելի է այս երկրում կտրուկ գործողություններով ինչ-որ բան փոխել: Նման մարդիկ կարող են լինել, և իշխանության պարտականությունն է անել այնպես, որ քաղաքական գործընթացը չվերածվի ուժային հակամարտության»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ