Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Զավեն Միրիջանյանի՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձելու գործով դատական նիստին այս անգամ մասնակցում էր նաեւ Վարդան Հարությունյանը: Նա դատավորին դիմեց՝ խնդրելով իրեն ներգրավել որպես տուժող, ոչ թե որպես վկա: Դատավորն ասաց, որ դատարանն արդեն անցել է վիճաբանության փուլին, արագացված դատավարություն է ընթանում եւ այս փուլում անհնար է տուժող ներգրավել նրան: Սա վրդովվեցրեց ՀԱԿ անդամին:
Նա բղավեց, որ դատավորը հերթական անգամ ապացուցեց, որ աշխատում է Սերժ Սարգսյանի համար, նրա պատվերն է կատարում:
Նրան դուրս արեցին դահլիճից՝ կարգը խախտելու համար:
Կարդացեք նաև
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանն ասաց, որ առաջին նիստի մասին ինքը չի ծանուցվել, դրա համար էլ չի մասնակցել, իր դիմումին, որ որպես տուժող ներգրավեն գործում, որեւէ կերպ չեն արձագանքել. «Ես առաջին դատական նիստի մասին իմացել եմ լրագրողներից, երբ ինձ զանգել էին: Չեմ գտնվել քաղաքում ու չէի կարող այստեղ լինել ու դիմումը ժամանակին ներկայացնեի»:
Թե իր՝ որպես տուժող ներգրավելը ինչ խնդիր էր լուծելու՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Զավեն Միրիջանյանին պատժելով կամ չպատժելով՝ ոչ մի հարց չի լուծվում: Խնդիրն ավելի խորքային է: Ամենայն հավանականությամբ, Զավեն Միրիջանյանը չի գործել միայնակ: Նրան հրահանգվել է վերեւից, մասնավորապես, Սերժ Սարգսյանից: Դատարանում ինձ տուժող ճանաչելը եւ մեր միջնորդությունների բավարարումը կբերեր այս շղթայի բացահայտմանը: Այդ իսկ պատճառով թե՛ քննչական մարմինը, թե՛ դատարանը հանցավոր անգործության մատնվեց, ինձ չծանուցվեց նիստի մասին, արագ դատական պրոցեսի համար միջնորդություն ներկայացրեցին, որի միջոցով կփորձեն նվազագույն պատիժ կիրառել: Նրանք պետք է քննեին ու բացահայտեին՝ արդյոք այդ գումարը որտեղի՞ց Զավեն Միրիջանյանին, ո՞վ է նրան տվել այդ գումարը, ո՞վ է հանձնարարել կաշառել, արդյոք նա հանձնաժողովի այլ անդամների չի՞ կաշառել կամ կաշառման փորձ չի արել: Սա քննչական մարմնի, նաեւ դատարանի գործն էր: Այս պարագայում մինիմալ պատիժ կտան, որովհետեւ ռեժիմը չի զոհաբերում իր ստրուկներին»:
Քիչ հետո պետք է հրապարակվի դատարանի վճիռը: Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ բոլոր իրավական ճանապարհներով բողոքարկելու է այն:
Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար: Զավեն Միրիջանյանը եւ ՀՀԿ անդամ է եւ հանձնաժողովի անդամ էր նշանակվել ԿԸՀ-ի կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ