«Այս ամենը պատահական չէ, շեղված էկո համակարգի պատասխանն է»,- հունվարի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով գրիպի դրսեւորումներին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ առողջապահության կատարած գործողությունները ճիշտ են, սակայն միակ փրկությունը էկոլոգիական մշակույթն է՝ սկսած աղբ չթափելուց, մինչեւ ազգային կամ վերազգային մակարդակներում որոշումներ ընդունելը. «Եթե մենք արմատականորեն չփոխենք մեր մոտեցումը, վաղը լինելու է առյուծի գրիպ, չգիտեմ էլ ինչ տարբերակ: Ակնհայտորեն, այնպես է փոխվում գլոբալ էկոհամակարգը, որ մարդը չի կարողանալու ապրել այնպես, ինչպես բնականոն մենք ապրել ենք»:
Իսկ հրապարակախոս Կարինե Հակոբյանը հավելեց, որ առողջապահության նախարարության գործը հիվանդանոցները, պոլիկլինիկաները կամ հիվանդություններին արձագանքելը չէ. պետական համակարգը արդյունավետ կարող է աշխատել, եթե լինի համագործակցություն առողջապահության նախարարության, բնապահպանության նախարարության, գյուղատնտեսության նախարարության միջեւ. «Այսինքն՝ կանխարգելող քաղաքականություն պետք է ունենան: Ինքը՝ առողջապահության նախարարությունը պետք է կանգնի բնապահպանության նախարարության կողքին, որը նույնպես բացարձակ հակառակ աշխատանք է իրականացնում, ցավոք սրտի: Եվ առողջությունը, առողջ ապրելակերպը, դեղերը չեն, հիվանդանոցները չեն, չհիվանդանալն է, իսկ դրա համար պետք է առողջ միջավայրը: Մենք աղտոտված օդ ենք շնչում, եւ դրա հետեւանքն են այս հիվանդությունները, այս վարակները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ