«Այն, ինչ արել են մեր իրավապահ մարմինները, հատկապես՝ հատուկ ծառայությունները եւ այն, ինչ որ անում է ազգային անվտանգության քննչական վարչությունը, լրիվ տեղավորվում է ոչ միայն օրենքների շրջանակներում, այլ եթե չլիներ նոյեմբերի 25-ի կանխարգելիչ գործողությունը, ապա մենք կարող է իսկապես դեկտեմբերի 1-ից հետո հայտնվեինք բավականին ծանր վիճակում»,- հունվարի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա համարում է, որ իրավապահ մարմինները որեւէ ապօրինի գործողություն չեն արել, եւ տեղի ունեցող բոլոր երեւույթները բացառապես տեղավորվում են քրեական գործի շրջանակներում. «Ես իրավունք ունեցողի իրավունքով կարող եմ ասել հետեւյալը՝ հավատացեք, որ որեւէ պատահական ձերբակալություն չկա, ուրիշ բան, որ կարող են ինչ-որ մարդիկ թյուրիմացաբար կամ չիմանալով՝ ինչու են կանչում նման տեղեր խոսակցությունների, հայտնված լինեն ինչ-որ շրջանակներում, հավատացած եղեք՝ քննությունը կպարզի եւ այդ մարդիկ ազատ կարձակվեն»:
Գառնիկ Իսագուլյանի նշեց, որ երբ հիմա լսում է, որ ինչ-որ մարդիկ են ձերբակալվում, հիշում է 1990-ականները, սակայն նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ է հիշում:
Նա խուսափեց պատասխանել նաեւ այն հարցին, թե ճանաչելով Գառնիկ Մարգարյանին, Վահան Շիրխանյանին կարո՞ղ է ասել, նրանք նման քայլի ընդունակ են. «Չեմ կարծում եմ, որ հիմա իմ կողմից ճիշտ կլինի որեւէ մեկի մասին կարծիք հայտնել: Մարդիկ կոնկրետ գործերով անցնում են, եւ չեմ կարծում, որ ճիշտ կլինի»: Այնուհետեւ հավելեց. «Ամեն մարդ ամեն ինչի ընդունակ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ