Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Եթե էստակադան քանդվի, հետո «Զվարթնոցն» ամբողջությամբ կքանդեն» (Տեսանյութ)

Հունվար 15,2016 14:52

«Պարբերաբար փորձում ենք եզրեր գտնել՝ կոնցեսիոների հետ հարցը մինչեւ վերջ քննարկելու համար, բայց վերջինիս կողմից կարծես արհամարհանք կա, ճարտարապետների հետ մինչեւ վերջ չեն աշխատում: Մենք էլ գիտենք, որ հնարավոր է շենքն ամբողջովին պահպանել»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության մասին, ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա ասաց, որ ըստ կոնցեսիոների, օվալաձեւ մասնաշենքը չի աշխատելու, եւ ճարտարապետները մտահոգություն ունեն, որ այն եւս քանդելու են. «Մասնաշենքը չի սպառել իր վերջին հնարավորությունները, հետեւաբար՝ քանդելու կարիք չկա: Կարծում եմ՝ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ կոնցեսիոների հետ եւ պահպանել «Զվարթնոցն» ամբողջական տեսքով»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւս նշեց, որ համալիրը քանդելու անհրաժեշտություն չկա, կարելի է ներկայիս տեսքով էլ օգտագործել. «Իսկ դրա համար պետք է մասնագիտական քննարկումներ կազմակերպել, սակայն կոնցեսիոների հետ կոնտակտի մեջ չենք կարողանում մտնել: Նա հրաժարվում է գործակցել մեր հետ: Քանդման որոշում է կայացվել էստակադայի համար, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ մի մասը քանդում են, գործընթացը տարածվում է նաեւ մյուս շինությունների վրա»:

Քալաշյանը հիշեցրեց, որ «Զվարթնոցը» համաշխարհային ճանաչում ունի որպես սովետական ճարտարապետության բարձրագույն արժեքներից մեկը:

Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ կոնցեսիոները համաձայնել է պահպանել օդանավակայանի աշտարակը, սակայն ճարտարապետական կառույցը մասնակի հնարավոր չէ օգտագործել. «Դա նույնն է, որ քանդակի գլուխը միայն պահպանեն: Մեր ճարտարապետներից մեկն առաջարկել է կիրառել օվալաձեւ հատվածը, բայց հարցը չի քննարկվում: Օվալաձեւ հատվածը նորմալ վիճակում է, այլ հարց է, որ այսօրվա պսպղուն տեսքը չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ բարձիթողի վիճակում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031