Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ:
Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, որն արդեն իսկ գտնվում է ԱՄՆ-ում, ասաց, որ մեր պատվիրակությունը հաջորդ կիրակի՝ հունվարի 24-ին, կմեկնի ԱՄՆ: Պատվիրակության կազմում են 20 ֆուտբոլիստներ, 5 մարզիչներ, բժիշկը, թարգմանիչը, մենեջերը, մարզական տնօրենը, եւ, իհարկե, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ու մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ, Կալիֆորնիայի հայերն արդեն իսկ շատ ոգեւորված են, անընդհատ հարցնում են, թե ե՞րբ են ժամանելու շիրակցիները: Չնայած Կալիֆորնիայում բնակվող հայերից շատերը մեր ֆուտբոլիստներին հայավարի հրավիրում են իրենց տները՝ հորդորելով չմնալ հյուրանոցներում, սակայն հայկական ֆուտբոլի պատվիրակության անդամները ընդունված կարգի համաձայն բոլորը միասին հյուրընկալվելու են Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում: Անցած անգամ եւս նրանք մնացել են այս նույն հյուրանոցում:
Աննա Թադեւոսյանի պատմելով, անցած տարի, երբ մեր թիմը դարձյալ մեկնել էր ԱՄՆ «ԼԱ Գելաքսիի» հետ մրցելու, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ամենաջերմ ընդունելության են արժանացրել, եկել, պատվիրակության անդամներին երեկոյան ժամերին հրավիրել են իրենց տները, տարել տեսարժան վայրեր:
Կարդացեք նաև
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, իր ֆեյսբուքյան էջում դիմելով երկրպագուներին, գրում է. «Երկու տարի առաջ մենք բերեցինք հայկական ֆուտբոլը Կալիֆորնիա։ Եկեք բոլորս միասին կրկին վերապրենք այս գոլի բերկրանքը։ Վերցրեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին և եկեք մարզադաշտ՝ աջակցելու մեր հայկական թիմին։ Առաջ, Շիրակ»:
Այս հայտարարության տակ տեղադրված է նաեւ հատված «Շիրակ»-ի ու «ԼԱ Գելաքսիի» անցած տարվա փետրվարի 8-ին կայացած առաջին հանդիպման տեսանյութից. խաղը թեեւ ավարտվել էր ամերիկյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով, սակայն հայ երկրպագուներով լի խաղադաշտը ցնծում էր, երբ ամերիկյան խաղադաշտում հանդիպման հաշիվը բացեց «Շիրակը». մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Հավելենք նաեւ, որ «Շիրակ»-ի ու «ԼԱ Գելաքսիի» խաղն արդեն իսկ թեժ քննարկման թեմա է դարձել Կալիֆորնիայում ցուցադրվող հեռուստաշոուներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու Աննա Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջերից