Լրահոս
Օրվա լրահոսը

Թարխանյան. «Մեկը կարող է գնել օդանավակայանը, փակել, եւ մենք չենք ունենա օդանավակայան» (Տեսանյութ)

Հունվար 15,2016 14:24

«Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց, որ նամակով դիմել է Քաղաքաշինության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու քաղաքապետի թույլտվությունն օրինական է եւ արդյոք թույլտվություն տրամադրելու հետեւանքով չի վտանգվում համալիրն ամբողջությամբ: Նախարարությունից պատասխանել են, որ դիմումը մուտքագրվել է աշխատակազմ:

Ավելի վաղ ճարտարապետները մտահոգություն էին հայտնել,  որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու որոշումը հիմքեր չունի եւ մասնագիտական քննարկումներ չեն կազմակերպվել: Անահիտ Թարխանյանի պնդմամբ՝ ապամոնտաժման թույլտվությունը տրվել է առանց նախագծային փաստաթղթերի, իսկ էստակադան կարեւոր նշանակություն ունի շինության համար. «Էստակադան իրենից ներկայացնում է օդանավակայանի սիրտը, որն աշտարակը միացնում է ներքին եւ արտաքին օղակների հետ»:

Ճարտարապետը հիշեցրեց, որ «Զվարթնոց»-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար եւ դա հաշվի չառնելն անընդունելի է. «Եթե վաղը սեփականատերը որոշի վաճառել նոր օդանավակայանը, ո՞վ կգնի: Տարածաշրջանում կան պետություններ, որոնք կուզենան գնել այն, հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը: Սա ենթադրություն է, բայց ապագան պետք է հաշվի առնել: Մեկը կարող է գնել օդանավակայանը, փակել, եւ մենք չենք ունենա օդանավակայան: Հիշենք, որ 20 տարի առաջ Հայաստանին շրջափակումից փրկեց «Զվարթնոցը»:

Անահիտ Թարխանյանին հարցրինք, թե արդյոք «Զվարթնոցն» ունի սեյսմակայունության խնդիր, որի պատճառով էլ կոնցեսիոները հրաժարվում է վերականգնման հսկայական գումարը ներդնել: «Ըստ «Հայնախագիծ» ինստիտուտի ինժեներների՝ մեկ տարի առաջ կատարած հաշվարկների՝ ժամանակին օդանավակայանը նախագծվել է բարձր սեյսմիկ կայունության նորմերին համապատասխան: Եվ դա պարզ է, որովհետեւ այն նախագծվել է որպես ռազմավարական նշանակության օբյեկտ: Ուստի օդանավակայանի կառույցներն այսօր էլ համապատասխանում են օրենսդրական նորմերին»,-ասաց Անահիտ Թարխանյանը:

Բանախոսի համոզմամբ՝ շատ հայրենակիցներ անգնահատելի ներդրումներ են կատարել, բայց «Զվարթնոցի» եւ մի շարք այլ դեպքերում անընդունելի է կառույցը քանդելու հաշվին մեկ այլ շենք կառուցելը:

Թարխանյանը կոնցեսիոներին առաջարկում է օդանավակայանը հետ հանձնել պետությանը, քանի որ 10 տարուց ավելի է՝ չի կարողանում շարունակել շահագործումը. «Եթե ապամոնտաժում են, ուրեմն այլ նպատակներ կան»,-եզրափակեց ճարտարապետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031